Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան
Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյան. - Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ: Հենց դրանով է պայմանավորված, որ էդ աննախադեպ գնահատականները արդեն գաղափարախոսական ապահովման է անցել էդ ագրեսիայի, որ 30 տարի է, չգիտեմ, ֆաշիստներ են կառավարել Հայաստանը, սա ֆաշիստական պետություն է: Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը:
«Ազատություն». - Ո՞ր տարածքում, նկատի ունեք Սյունիքո՞ւմ, որովհետև Ալիևը հարցազրույցում ասել, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի:
Զուրաբյան. - Ինքը էս թոհուբոհում մտածում է արդեն ավելի լուրջ բանի մասին. ինքը մտածում է մեծ միջանցքի մասին, որտեղ բնակավայրեր կվերցնի և այլն: Էս մարդն ասել է, որ ինքը պիտի ոչնչացնի ֆաշիստական Հայաստանը, ասել է, դրել է պայմաններ, ասել է, եթե էս պայմանները չեք իրագործում, ուրեմն կտեսնեք, ես ձեզ հետ ինչ կանեմ: Էս հարցին Նիկոլը երկու պատասխան ունի՝ կա՛մ ձվածեղ է եփում որպես բլոգեր, կա՛մ ասում է՝ եկեք չգնանք էսկալացիայի, էդ իրա «Արմենպրես»-ի ելույթում ասում է՝ եկեք, այնուամենայնիվ, փորձենք իրար հասկանալ, հասկանանք ինչի եք դուք մտածում, որ մենք ֆաշիզմ ունենք:
«Ազատություն». - Փաշինյանը նշել է՝ փորձենք հասկանալ՝ ինչն է դրա պատճառը, ինչու է Ալիևը այդպիսի հայտարարություն անում, և նա նշել է, որ Հայաստանում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին, այդ ընկալումները քննարկելու, հասցնելու մասին են խաղաղության օրակարգը, այսինքն, Փաշինյանն առաջարկում է քննարկե՞լ այս ֆաշիզմի հետ կապված:
Զուրաբյան. - Ինքը մեսիջ է տալիս Ալիևին, որ ես կմտածեմ ոնց անենք, որ էդ ընկալումը ձեր մոտից հանենք, իսկ դա ենթադրում է մի բան՝ ֆաշիստներին պատժել, Արարատը հանել գերբից:
«Ազատություն». - Երեք նախագահներին պատժելու ճանապարհով կգնա՞ Փաշինյանը կարծում եք:
Զուրաբյան. - Ես չգիտեմ: Վստահ եմ, որ ինքը հասկանում է, որ դա իրա վերջը կլինի, որովհետև դա նշանակում է.... Հասկանո՞ւմ եք՝ հարցը այն չի, որ ինքը երեք նախագահների դեմ է, հարցն այն է, որ մեր ամբողջ ազգը հասկանալի է, որ էս մարդը ուղղակի Ալիևի գուբեռնատորն է նշանակված, որը լուծելու է Հայաստանի կրտելու հարցը: Կրտելն ի՞նչ է նշանակում տվյալ դեպքում, նշանակում է ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը, մեր պատմությունը, ընդունել ընդհանրապես ադրբեջանական նառատիվները ու վերսիաները ամեն ինչի մասին, ինչ-որ կատարվում է: Սա շատ մեծ պրոցես է, եթե ինքը գնում այդ ուղղությամբ: Եթե ինքը կարծում է, որ դա է խաղաղություն հաստատելու ձևը, ես բազմիցս ասել եմ, որ ինքը չարաչար սխալվում է, որովհետև դա նշանակում է մի բան, ինչքան դու գնաս էդ ճանապարհով, էնքան ավելի է լկտիանալու ագրեսորը, և ինքը ցույց է տալիս իր ատամները ու գնալով ավելի է լկտիանում: Հիմա ատամները չի ցույց տալ, հիմա ասում է՝ արդեն կոնկրետ ներխուժելու են: