Միրզոյանը արձագանքեց Ալիեւին
Մենք ձեռք ենք բերում սպառազինություն, ձեռք ենք բերում միայն պաշտպանական նպատակներով, ձեռք բերված սպառազինությունն էլ, բնականաբար, հետ ուղարկել չենք պատրաստվում։
Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է հետ ուղարկի ձեռք բերած զենքերը։
«ՀՀ-ն ձեռք է բերել ու շարունակելու է ձեռք բերել սպառազինություններ՝ ունենալուվ բացառապես և միայն պաշտպանական նպատակներ։ Տեղյակ եք, որ մեր սովերեն տարածքների 200 քկմ-ից ավելի տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Անգամ այդ տարածքների վերադարձի համար մենք չենք դիտարկում ռազմական ճանապարհը։ Սահմանազատման գործընթացը դրա հնարավորությունը տալիս է»։
Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը ևս ձեռք է բերում զինատեսակներ, ընդ որում՝ հարձակողական զինատեսակներ։ «Հայաստանը ձեռք է բերում զինատեսակներ, անհամեմատ ավելի համեստ քանակով, անհամեմատ ավելի համեստ ֆինանսական առումով։ Զենք ձեռք բերելը ՀՀ սուվերեն իրավունքն է՝ սահմանների պաշտպանության համար։ Սա չի նշանակում, որ մենք ունենք կոնկրետ որևէ մտավախություն։ Եթե անգամ ունենք որևէ մտավախություն, ապա մենք ճանաչում ենք բոլոր մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, մենք ակնկալում ենք, որ մեր հարևանները կճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը, մենք հրապարակել ենք մեր մտադրության բացակայությունը որևէ հարևանի նկատմամբ ռազմական գործողությունների և այկնկալում ենք, որ մեր հարևանները նման վարքագիծ կդրսևորեն նաև մեր նկատմամբ։ Միաժամանակ, մենք բարեփոխում ենք մեր բանակը և այդ բարեփոխումների կոմպոնենտ է նաև սպառազինության ձեռքբերումը։
Ինչ վերաբերում է Հայաստան- Ադրբեջան համատեքստում հարձակողական հնարավորություններին, ապա իհարկե մենք ունենք այդ մտահոգությունները։ Մենք տեսել ենք, որ այդ զենքը կիրառվում է ՀՀ-ի դեմ ու ՀՀ-ի տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ, այդ պատճառով նաև Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել մեխանիզմ՝ սպառազինությունների վերահսկման։ Ինչպես մեր շատ այլ կառուցողական առաջարկներ, այս առաջարկը ևս մնացել է անպատասխան»։