Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից
MediaHub-ը գրում է․
Հունվարի 3-ին Բագրատաշենի սահմանային գոտում արտակարգ դեպք էր տեղի ունեցել՝ պայթյուն էր գրանցվել, ապա հրդեհ էր բռնկվել սահմանային գոտու պահեստներից մեկում։ Պարզվել էր, որ պայթյունն ու հրդեհն առաջացել է եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները չպահպանելու հետևանքով։
Մեզ ասացին՝ սա այն պահեստն է, որտեղ պահվում են քաղաքացիներից բռնագրավված ապրանքներն ու իրերը, որոնք մաքսային ծառայողները համարել են ապօրինի և վերցրել պահել են պահեստում՝ հետագա ոչնչացման նպատակով։ Փաստորեն, ՊԵԿ-ի փոխարեն հրդեհը ոչնչացրեց այդ ապրանքները։
MediaHub-ը դիմեց Պետեկամուտների կոմիտեին՝ պարզելու, թե որքա՞ն վնաս է կրել Կոմիտեն այդ հրդեհից, ի՞նչ քանակի ապրանք է ոչնչացվել դրա հետևանքով։
ՊԵԿ-ի լրատվականից ասացին, որ հրդեհը տեղի է ունեցել պահեստի մի հատվածում:
«Ներկայումս ՊԵԿ-ում ձևավորվում է աշխատանքային խումբ՝ բռնկված հրդեհի պատճառների վերհանման, ուսումնասիրման, հնարավոր վնասի չափը որոշելու, հետևանքների վերացման և վերականգնման աշխատանքների կազմակերպման նպատակով: Համապատասխան ուսումնասիրություններից հետո միայն պարզ կդառնա, թե ինչ ապրանքներ են եղել պահեստի տվյալ հատվածում»։
Վահե Մակարյան