Ի՞ՆՉ ԱԶԳՈւԹՅՈւՆ ՈւՆԻ ԱՐՑԱԽ-ԽԱՉԵՆԻ ԹԱԳԱՎՈՐ, ԻՇԽԱՆԱՑ ԻՇԽԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼ-ԴՈԼԱՆ

Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն, պատմաբան Ռիզվան Հուսեյնովը 2024թ. հոկտեմբերի 4-ին հայտարարել է, որ միջնադարյան Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան ազգությամբ եղել է թյուրք:

Առահասարակ, եթե որևէ բնագավառի մասնագետ հանդես է գալիս պնդմամբ, ապա ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ նա այդ պնդումը հիմնավորելու համար պետք է ներկայացնի անհրաժեշտ և բավարար փաստեր ու հիմնավորումներ:
Սակայն, վերոնշյալ պատմաբանի պնդմանը չեն հաջորդում իր պնդումն ապացուցող փաստերն ու հիմնավորումները: Սա անառարկելիորեն վկայում է այն մասին, որ հիշյալ պատմաբանն իր պնդմամբ հետապնդում է պարզունակ քարոզչական նպատակ. ինչպես միշտ ադրբեջանականացնել ամեն հայկականը: Իսկ սա նշանակում է, որ մենք գործ ունենք ոչ թե պատմագիտության, այլ՝ պատմաշինարարության հետ: Շատ ծանոթ ձեռագիր, որ շարունակում են բանեցնել 1936 թվականից ադրբեջանցիներ հորջորջվող կովկասյան թաթարները:

Նպատակ ունենալով անաչառ ընթերցողին հասու դարձնել ճշմարտությունը և հիմնվելով բացառապես հարցին վերաբերելի փաստերի վրա՝ ներկայացնենք միջնադարյան Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը:
13-րդ դարը Արցախի, ինչպեսև ողջ Հայաստանի պատմության ամենամռայլ դարաշրջաններից մեկն էր: Հիշյալ դարի սկզբում հայոց աշխարհում նկատված տնտեսական ու մշակութային զգալի վերելքը որոշակիորեն կասեցվեց թաթար-մոնղոլների առաջին հետախուզական արշավանքով ու Խորեզմի սուլթան Ջալալ ադ-Դինի դաժան ասպատակություններով, որոնց հաջորդեց խաղաղության մի կարճ շրջան: Այս ընթացքում թաթար-մոնղոլները, նոր ուժերով համալրելով իրենց զորքը, դարի 20-ական թվականների կեսին, սկսեցին իրենց լայնամասշտաբ արշավանքը:
13-րդ դարի հյուսիսարևելյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքական միավորն էր Արցախի Ներքին Խաչեն գավառի իշխան, ինչպես նաև ողջ Արցախ-Խաչենի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի իշխանությունը:

Այս մեծ հայրենասեր ու իմաստուն իշխանապետի կառավարման ժամանակաշրջանում Արցախ-Խաչենն ընդհանրապես, Ներքին Խաչենը մասնավորապես տնտեսապես բարձրացավ մի աննախընթաց մակարդակի. կառուցվեցին բազում ճանապարհներ ու կամուրջներ, բերդեր ու ամրոցներ, ինչի արդյունքում աշխուժացավ մշակութային կյանքը: Ստեղծվեցին նոր ձեռագրեր ու ընդօրինակվեցին հները, վերանորոգվեցին բազմաթիվ հոգևոր կենտրոններ և կառուցվեցին այնպիսի ճարտարապետական կոթողներ, որոնք, որպես դասական օրինակ, պիտի մնային հետագա դարերի համար: Այդպիսի կոթողներից բավական է, թերևս, հիշատակել Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը Հասան-Ջալալ-Դոլան կառուցել է 1216-1238թթ. և որը Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, ֆրանսիացի նշանավոր բյուզանդագետ Շառլ Դիլը համարել է հայկական ճարտարապետության կոթողներից համաշխարհային մշակույթի գանձարանը մտած հինգ ամենաուշագրավ երևույթներից մեկը (տե՛ս Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետության փոխազդեցության շուրջը, «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության», հ. Բ, Երևան, 1948թ., էջ 25):
Իսկ Էրմիտաժի գիտական խորհրդի անդամ` պատմական գիտությունների դոկտոր Անատոլի Յակոբսոնը, ցույց տալով Գանձասարի եկեղեցու ճարտարապետական բարձր արժանիքները, գրել է, որ այդ կոթողը «հայ ճարտարապետության մարգարիտն է, հայկական միջնադարյան ճարտարապետության ու կոթողային քանդակագործության եզակի հուշարձանը, մի այնպիսի ստեղծագործություն, որն, ամենայն իրավամբ, պետք է համարել XIII դարի հայ ճարտարապետության հանրագիտարանը (տե՛ս Անատոլի Յակոբսոն, Գանձասար, Երևան, 1987թ., էջ 14): Գանձասարը ոչ միայն ինքնատիպ է ու իր կատարելության մեջ ինքնուրույն, այլև բացառիկ է. մենք չենք կարող ցույց տալ ուրիշ մի այդպիսի հուշարձան Հայաստանի հողի վրա» (տե՛ս Анатоли Якобсон, Из истории армянского средневекового зодчества (Гандзасарский монастырь XIII в.) “Исследования по истории культуры народов Востока”, сборник в честь И. А. Орбели, М. – Л., 1960г., с. 151):

Պետք է ասել, որ թագավոր Հասան-Ջալալ-Դոլայի դերը մեծ էր նաև ողջ Հայաստանի թե՛ քաղաքական, թե՛ մշակութային կյանքում: Նա հաստատուն քաղաքական հարաբերություններ հաստատեց Կիլիկյան հայկական թագավորության, Բյուզանդիայի, Վրաստանի, ինչպես նաև Պարսկաստանի հետ, ինչը ևս նպաստեց Արցախի զարգացմանը:

Արտաքին թշնամիների դեմ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա կարողացավ երկիրը զերծ պահել թաթար-մոնղոլների կործանարար դաժանություններից:
Հասան-Ջալալ-Դոլայի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, շատ կարճ ժամանակ անց Արցախ-Խաչենը դարձավ հայկական պետականության, ազգային մշակույթի և հոգևոր կյանքի կենտրոն:
Եվ այսպես, 1214թ. Մեծ Հայքի Արցախ նահանգի Ներքին Խաչեն գավառի իշխան Վախթանգ-Տանգիկի վախճանից հետո նրան հաջորդում է իր ավագ որդին՝ Հասան-Ջալալ-Դոլան (տե՛ս Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-16-րդ դարերում, Երևան, 1975թ., էջ 172-173):
Արցախի Առանշահիկների թագավորական տոհմի ամենաականավոր ներկայացուցիչն էր Հասան-Ջալալ-Դոլան, կենդանության ժամանակ միշտ պատմիչների ուշադրության կենտրոնում, ողբերգական վախճանից հետո` ժողովրդի ու դարձյալ ժամանակագիրների միահամուռ փառաբանությամբ պսակված:
Ժամանակի հեղինակները ոգեշունչ խոսքերով են պատմում ինչպես նրա անձի, այնպես էլ նրա կատարած բացառիկ գործունեության մասին: Հասան-Ջալալ-Դոլան իր քաջությամբ ու հեռատեսությամբ ստվեր էր գցել ոչ միայն իր ժամանակակիցների փառքի, այլև՝ նրանց վրա, ում մասին պատմում էին հինավուրց ավանդությունները:
13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին, ով անձամբ շփվել է Հասան-Ջալալ-Դոլայի հետ, այսպես է բնութագրել նրան. «Սա մեծամեծ իշխաններ Զաքարեի և Իվանեի քրոջ որդին էր, մի բարեպաշտ, աստվածասեր, հեզ ու հանգիստ, ողորմած ու աղքատասեր, անապատականների նման աղոթքների ու աղաչանքների մեջ ճգնող: Որտեղ էլ լիներ, անխափան կատարում էր ցերեկվա և գիշերվա պաշտամունքը, ինչպես վանականները: Եվ փրկչի հարության հիշատակը կիրակի անքուն ոտքի վրա էր անցկացնում: Չափազանց քահանայասեր և ուսումնասեր էր ու աստվածային կտակարանների ընթերցող» (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Երևան, 1982թ., էջ 192-193): Այնուհետև պատմիչն ավելացնում է. «...աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ» (տե՛ս Կիրակոս Գանձակեցի, նշվ. աշխ., էջ 257-258):
Թեև պատմիչ Կ. Գանձակեցու խոսքը Հասան-Ջալալ-Դոլայի ծագման վերաբերյալ ավելի քան հստակ է և որևէ հիմք չկա կասկածելու նրա խոսքի ճշմարտացիությանը, քանզի դրանք ականատես վկայի խոսքեր են, այնուամենայնիվ մեր օրերում դեռ կան հետազոտողներ, որոնց համար Արցախի իշխանաց իշխանի ազգային պատկանելության հարցը քննության առարկա է (տե՛ս Թոմաս դե Վաալ, Սև այգի, Հայաստանն ու Ադրբեջանը` խաղաղության և պատերազմի միջով, Երևան, 2007թ., էջ 220, 223):
Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը, ցանկանալով պարզել Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը, նամակով դիմել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռոհան քոլեջի պրոֆեսոր, Կովկասի 13-րդ դարի պատմության մասնագետ Ռոբերտ Հյուսենին (տե՛ս Թոմաս դե Վաալ, նշվ. աշխ., էջ 225):
2001թ. հունվարի 10-ին պրոֆեսոր Հյուսենը հանգամանալից պատասխան է ուղարկել Թոմաս դե Վաալին (տե՛ս Թոմաս դե Վաալ, նշվ. աշխ., էջ 423): Գիտնականը, հետազոտելով Հասան-Ջալալ-Դոլայի ծագումնաբանությունը, հանգել է այն եզրակացության, որ այն բացառապես հայկական է` այդ մասին մասնավորապես գրելով. «[Հասան-Ջալալի] նախնիները հայտնի են մինչև չորրորդ դարը` ներառելով հետևյալ ազնվական տոհմերը. հայրական կողմը` (1) Սյունիքի իշխանները (ավելի ուշ` թագավորները): Իր նախնիների հետ ամուսնացած իշխանուհիների գծով Հասան-Ջալալը սերում է (2) Բագրատունիների տոհմի հայոց թագավորներից (Անի մայրաքաղաքով), (3) Արծրունիների տոհմի Վասպուրականի հայոց թագավորներից (Վան մայրաքաղաքով), (4) Գարդմանի իշխաններից, (5) Պարսկաստանի Սասանյանների տոհմից և (6) Արշակունիներից` Ալբանիայի երկրորդ թագավորական տոհմից, որն ինքը (7) հնագույն պարթևական թագավորների ճյուղերից է» (տե՛ս Թոմաս դե Վաալ, նշվ. աշխ., էջ 226):
Այսպիսով, անվիճելի է այն փաստը, որ Հասան-Ջալալ-Դոլան սերում է հայոց ամենանշանավոր ու հռչակավոր տոհմերից: Սակայն որտեղի՞ց, այդ դեպքում, նրա օտարահունչ անունը, ի՞նչ են նշանակում այս անհատականության երեք ոչ հայկական անվանումները` Հասան, Ջալալ և Դոլա:

Այս ժամանակների Արցախում և Հայաստանի մյուս մասերում մեծ տարածում գտած ո՛չ հայկական, նույնիսկ ո՛չ քրիստոնեական, օտար անունները, ինչպես Հասան, Վախթանգ, Քուրդ և այլն, զարմանալի չեն լինի, եթե հաշվի առնենք Իրանի, ապա և հատկապես արաբական խալիֆայության, նրանց միջոցով էլ` օտար մշակութային միջավայրերի անհաղթահարելի ազդեցությունը ողջ Հայաստան աշխարհի ու նրա ժողովրդի վրա: Այլ խոսքով ասած, պատմական տվյալ ժամանակաշրջանում արաբական լեզուն եղել է բավականին հարգի և ունեցել է մոտավորապես այն արժեքը, ինչ որ անգլերենը ժամանակակից աշխարհում: Այդ պատճառով էլ հասարակության մեջ մեծ հռչակ վայելող մարդկանց կոչել են արաբական անուններով, որպես յուրահատուկ արժանիքի տեր անձնավորությունների, դրանցից են օրինակ Ջալալը, Դոլան և այլն:
Հնում, ինչպես և այսօր, Արցախում ու նաև ամբողջ Հայաստանում, սովորության համաձայն, ավագ որդուն կոչել են պապի անունով: Տվյալ դեպքում հայր Վախթանգ-Տանգիկն ավագ որդուն` Հասան-Ջալալ-Դոլային կոչել է իր հոր` Հասանի անունով:
«Հասան»-ը արաբերեն բառ է, որ նշանակում է «գեղեցիկ տղամարդ» (տե՛ս Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Գ, Երևան, 1946թ., էջ 51):
Խաչենի իշխան Հասանին անվանում էին նաև «Ջալալ» և «Դոլա»:
«Ջալալ»-ը դարձյալ արաբերեն է և նշանակում է «փառք, վեհություն, մեծություն» (տե՛ս Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Դ, Երևան, 1948թ., էջ 286):
«Դոլա»-ն էլ արաբերեն «դավլաթ-դովլաթ» բառից է և նշանակում է «հարստություն, մեծություն, ինչք, պետություն, իշխանություն» (տե՛ս Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Բ, Երևան, 1944թ., էջ 76):

Արցախահայությունն իր իշխանապետին` Հասանին, մեծարելով, կոչել է «Ջալալ-Դոլա», որ բառացի թարգմանաբար նշանակում է «փա՛ռք պետությանը», «փա՛ռք իշխանությանը»: Սա, բառացի թարգմանաբար, կարծեք թե, նման է ռուսերեն “славо царю” (փա՛ռք թագավորին) արտահայտությանը: Իսկ իմաստային թարգմանության պարագայում «Ջալալ-Դոլա» արտահայտությունը նշանակում է «պետության փառք», «պետության վեհություն»:

Հարկ է նշել, որ Հասանի եղբայր Զաքարեն էլ է ունեցել համանման անվանում, նա էլ կոչվել է «Նասր-Դոլա», ինչը թարգմանաբար նշանակում է «օգնություն կամ հաղթություն պետությանը» (տե՛ս Հրաչյա Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հ. Դ, Երևան, 1948թ., էջ 24):

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Հասան-Ջալալ-Դոլան իր անվան մեջ խտացրել էր պետության գաղափարը:
Շատ կարճ ժամանակամիջոցում Հասան-Ջալալ-Դոլան շնորհիվ իր կառավարման, դիվանագիտական և զորավարական աստվածատուր տաղանդի, ձեռք է բերում գահերեցի կարգավիճակ: Իր կառավարած գավառի` Ներքին Խաչենի իշխանության տարածքին միացնելով անիշխան մնացած Հաթերք գավառի տարածքը` Հասան-Ջալալ-Դոլան դառնում է Արցախի արդեն երկճյուղ դարձած իշխանությունների (Ներքին Խաչենի և Վերին Խաչենի կամ Ծարի) լիիրավ ղեկավարը` վիմագիր արձանագրություններում և ձեռագիր մատյաններում կոչվելով Արցախի թագավոր, կամ իշխանաց իշխան:
13-րդ դարի հայ քաղաքական իրականության մեջ Հասան-Ջալալ-Դոլան ամենանշանավոր պետական, ռազմական ու քաղաքական գործիչներից մեկն էր: Նրա քաղաքական-դիվանագիտական գործունեությունը Հայաստանի միջնադարյան պատմության մեջ եզակի երևույթ էր: 47 տարի (1214-1261թթ.) անընդմեջ նա փաստացի (դե ֆակտո) և իրավաբանորեն (դե յուրե) ներկայացել և օտարների կողմից ճանաչվել է որպես անկախ, ինքնիշխան պետության ղեկավար:
Արցախ-Խաչենի իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի ողբերգական վախճանից հետո Ներքին Խաչենի իշխանական տունը 13-րդ դարի վերջերից սկսած կոչվում է Հասան-Ջալալ-Դոլայի անունով, սակայն առանց «Դոլա»-ի, պարզապես՝ Հասան-Ջալալյան: Այս ազգանունն էին կրում նաև այն հոգևոր գործիչները, ովքեր սերում էին այս իշխանական տոհմից և արդեն ժառանգաբար 13-րդ դարի կեսերից իրենց ձեռքում էին կենտրոնացրել Ներքին Խաչեն գավառի եպիսկոպոսական, իսկ 14-րդ դարի վերջերից նաև ողջ Արցախի կաթողիկոսական գավազանը:

Բազմաթիվ հոգևորականներից այստեղ բավական է հիշենք մի քանիսին ընդամենը, որոնց անբասիր գործունեությունը բոլորին է հայտնի. ահա նրանք` Արցախի կաթողիկոսներ Երեմիա Հասան-Ջալալյան, Եսայի Հասան-Ջալալյան, Հովհաննես Հասան-Ջալալյան, Սարգիս Հասան-Ջալալյան, Արցախի մետրոպոլիտ և առաջին թեմակալ առաջնորդ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյան, Արցախի թեմի առաջնորդ Սարգիս արքեպիսկոպոս Հասան-Ջալալյան...
Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ փաստերի հիման վրա կատարված վերլուծության վրա՝ կարող ենք պնդել, որ 1214-1261թթ. Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլան ազգությամբ եղել է հայ:

Հասան-Ջալալ-Դոլայի ծագման և գործունեության մասին առավել մանրամասն տեղեկություններ իմանալ ցանկացողները կարող են ընթերցել հետևյալ գիտական հոդվածները՝
Степан Асан-Джалалян, Рукописные источники по генеалогий Хачена, Москва, 2008, с. 647-649,
https://shorturl.at/nfi8E
Степан Асан-Джалалян, К вопросу о генеалогии правителей Хачена, Владикавказ, 2009, с. 237-240, https://shorturl.at/fhLLv
Ստեփան Հասան-Ջալալյան, XIII դարի Արցախի իշխանաց իշխան, թագավոր Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը և գործունեությունը, Ստեփանակերտ, 2016, էջ 177-186, http://www.asu.am/images/stories/humanitar_2016.pdf
Իսկ Ռիզվան Հուսեյնովը, եթե ունի այդքան համարձակություն, թող փորձի զբաղվել ադրբեջանցիների ծագման հարցով՝ որպես ուղեցույց, մասնավորաբար, ունենալով՝

• Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի խոսքերը՝ ասված նախքան 1995թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Սահմանադրության ընդունումը՝ մտավորականության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որտեղ քննարկել են, թե ովքե՞ր են իրենք և ո՞րն է իրենց լեզուն: Հանդիպման ժամանակ Հեյդար Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Սկզբում մեզ անվանում էին թաթարներ, 1918 թվականից հետո՝ թուրքեր, իսկ 1936 թվականից՝ ադրբեջանցիներ։» (https://www.youtube.com/watch?v=ySvhJcuDrL0&t=14s):

• Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ֆարիդ Ալեքպերլիի «Ադրբեջանի ազգային գաղափարախոսությունը. ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք առաջացել և ո՞ւր ենք գնում» 2009 թվականի օգոստոսի 8-ին «Зеркало» թերթում հրապարակված հոդվածը (https://archive.zerkalo.az/2009-08-08/politics/1630-read), որտեղ վերջինս, մասնավորաբար, հայտարարել է. «Արհեստական, անդեմ «ադրբեջանցի» անվան տակ թաքնված են իրական էթնիկ խմբեր՝ հիմնականում թյուրքեր, ինչպես նաև քրդեր, թալիշներ, թաթեր, լեզգիներ և այլն։ Նրանք բոլորը քաղաքացիությամբ ադրբեջանցի են, բայց, միևնույն ժամանակ, ներկայացնում են տարբեր էթնիկ խմբեր… «Ադրբեջանցու» ողջ պատմությունը սկսվում է 1930-ական թվականներից: Մինչ այդ «ադրբեջանցի» պարզապես գոյություն չի ունեցել։»:

 


ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ քաղաքագետ «Հասան-Ջալալյանների խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ

 

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Գարիկ Քեռյան Աղազարյանի հիմնած նոր կուսակցության օրակարգում իշխանափոխությունն է. Armlur.am Շատ շտապ ձևավորել ազգային անհատներով ստեղծված հարթակ, իսկ առաջնորդը կծնվի պայքարի ժամանակ․ Գևորգ Գևորգյան Էրդողանը զանգահարել է Ալիևին Աստվածապավինությամբ կարող կլինենք հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները․ Վեհափառ ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի Ներգաղթյալների քարավանը Մեքսիկայից շարժվում է դեպի ԱՄՆ՝ հույս ունենալով նախքան Թրամփի երդմնակալությունը հատել սահմանը Այն ինչ հիմա պլանավորում է Ալիևը, լինելու է բնակավայրերի գրավումը. Լևոն Զուրաբյան Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր Երևանում՝ սեփական տան բակում, հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը КАКИМИ БЫ НИ БЫЛИ ДОГОВОРЫ, ДРУГИЕ ЗА НАС ВОЕВАТЬ НЕ БУДУТ Արցախը նորից կդառնա հայկական, եթե գիտակցենք կորստյան պատճառի սխալները․ Արցախի թեմի առաջնորդ Մեծ Բրիտանիայի հիվանդանոցները չեն կարողանում հաղթահարել գրիպով հիվանդների հոսքը. The Times Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին. Սուրեն Սարգսյան Կարդում եմ Փաշինյանի պատասխանը Ալիևին ու սարսափում մեր ճակատագրի համար. Արմեն Եղիազարյան Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը նախագահական ընտրություններ կանցկացնի. Reuters Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյայից կբռնագանձվի 2 միլիարդ դրամ, անշարժ գույք ՀՅԴ-ն ԱՄՆ-ում կօգնի Հարավային Կալիֆոռնիայի հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցողներին Արդարացում չկա, այս համատարած անտարբերության և անպասխանատվության միջավայրին. Հովհաննես Ավետիսյան Ալիևը հստակ խնդիր ունի՝ թույլ չտալու Արևմուտքի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում. Տաթևիկ Հայրապետյան Սա թշնամական ագրեսիայի բացահայտ դրսևորում է. Թագուհի Թովմասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 6-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 6-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 6-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am