Փաշինյանը նշանակում է մարդկանց, որոնք կա՛մ իր նման անկարող են, կա՛մ իրենից վատն են․ Հարութ Սասունյան
Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առկա անջրպետի մասին հաճախ են բարձրաձայնում՝ ինչպես հայաստանյան, այնպես էլ՝ սփյուռքյան տարբեր շրջանակներ՝ մեղադրելով Հայաստանի գործող իշխանություններին․ նշում են՝ այս իշխանությունները փորձում են հնազանդեցնել Սփյուռքը, լռեցնել հայոց պահանջատիրությունը։
Ամերիկահայ գործիչ, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը 2025 թվականին ևս Հայաստան-Սփյուռք կապերից մեծ սպասելիքներ չունի։
«Այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանությունները պաշտոնի են, որևէ բան չի փոխվելու։ Ավելի վատ է լինելու և ոչ միայն այս հարցում, այլ ամեն տեսակետից վատ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների, թե՛ սոցիալական ու անվտանգային հարցերի։ Որպեսզի վիճակը լավանա, պետք է ունենանք ունակ ղեկավար, որ կարողանա այդ ալեկոծ վիճակում թիավարել։ Բայց այդ մարդը չկա,- նշեց Հարութ Սասունյանը, ապա Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առկա վիճակին անդրադառնալով՝ մանրամասնեց,- Անկախությունից ի վեր՝ Սփյուռք-Հայաստան կապերը երբեք հրաշալի չեն եղել, ու սպասելիքների միայն 5-10 տոկոսն է արվել այս տարիների ընթացքում, սակայն վերջին տարիներին իրավիճակն առավել վատթարացավ։
Ունեինք նախարարություն, որը Նիկոլ Փաշինյանը փակեց։ Իմ կարծիքով՝ այդ որոշման պատճառներից մեկն այն էր, որ նա Զարեհ Սինանյանին էր ուզում նախարարի պաշտոնում նշանակել, սակայն Զարեհ Սինանյանը Հայաստանում մշտական բնակություն չէր ունեցել վերջին տարիներին, ու այդ իսկ պատճառով նախարարի կարգավիճակը փոխվեց։ Նա նշանակվեց Սփյուռքի գլխավոր հանձնակատար»։
Ամերիկահայ գործիչը նկատեց՝ Զարեհ Սինանյանին ԱՄՆ-ում ճանաչել է, բայց և զարմանքով է արձանագրել, որ Հայաստանի գալուց ի վեր՝ նա գլխիվայր փոխվել է։
«Նա մոռանում է անգամ, թե իր պաշտոնն ինչ է։ Իսկ իր պաշտոնը Հայաստանի ու Սփյուռքի միջև կամուրջ լինելն է, նա չպետք է կապ ունենա քաղաքական հարցերի հետ, չտարբերակի՝ ընդդիմություն-իշխանություն։ Սակայն նա չի հասկանում սա, և Սփյուռքը փորձում է բաժանել այնպես, ինչպես Փաշինյանը Հայաստանը՝ նախկիններ-ներկաներ, սևեր-սպիտակներ բաժանարար գծերով։
Զարեհ Սինանյանն ասում է՝ կան դասական կուսակցություններ, որոնց հետ ինքը չի շփվում, և նոր խմբավորումներ, որոնց հետ բարիդրացիական հարաբերություններ ունի, քանի որ այդ խմբավորումներն իրենից գոհ են և գովերգում են իրեն»,- հավելեց Հարութ Սասունյանը։
Ըստ նրա՝ հենց այս պատճառով չի ստացվում այս պաշտոնյայի երկխոսությունը Սփյուռքի տարբեր շրջանակների հետ, և նրա հետ հանդիպումներն անցնում են լարված մթնոլորտում, բայց այդ իրականությունը Զարեհ Սինանյանը խեղաթյուրում է պաշտոնական հաղորդագրություններում։
«Երբ Գլենդել էր եկել, մեծ բախում եղավ ներկաների միջև, միջոցառումը փակեցին, ու մարդիկ հեռացան։ Զարեհ Սինանյանը չէ միակ մեղավորը․ իր շեֆն է մեղավորը, իսկ Փաշինյանը նշանակում է մարդկանց, որոնք կա՛մ իր նման անկարող են, կա՛մ ավելի վատն են, քան ինքը»,- ասաց սփյուռքահայ գործիչը։
Անդրադառնալով Դոնալդ Թրամփի նոր վարչակազմից Հայաստանի հնարավոր սպասելիքներին ու վերլուծական տեսակետներին, թե Թրամփը տարածաշրջանում կնախընտրի Բաքվին, Հարութ Սասունյանը նախ արձանագրեց, թե Թրամփի հաճախ անակնկալ քայլերը թույլ չեն տալիս կանխատեսումներ անել։
Հանրային գործչի գնահատմամբ՝ Թրամփի 4 տարիների կառավարման ընթացքում ամենատարբեր «խենթ» հայտարարություններն ու քայլերն են արվել, ու այժմ էլ՝ մինչ նախագահ դառնալը, նա մի շարք հայտարարություններով է աչքի ընկել, օրինակ, թե 24 ժամում կլուծի Ուկրաինայի հարցը, Գազայի խնդիրը և այլն։
«Սրանք ուղղակի խոսքեր են, բայց իր կույր հետևորդները հավատում են՝ կարծելով՝ նա ինչ-որ բան գիտի։ Մինչդեռ այդ մարդը ոչինչ չգիտի․ նա ամբողջ կյանքում եղել է բիզնեսմեն՝ ընդ որում, ոչ լավ բիզնեսմեն, քանի որ մի քանի անգամ բանկրոտ է եղել, և զբաղեցրած չլինելով քաղաքական որևէ պաշտոն՝ սկսել է զբաղվել քաղաքականությամբ։
Անկախ իր հայտարարություններից՝ Դոնալդ Թրամփն ինքն էլ չի իմանում, թե ինչ պետք է անի, այս մարդն ինքը չգիտի՝ ինչպիսի հարաբերություններ է ունենալու որևէ երկրի հետ, այդ թվում՝ Հայաստանի»,- պարզաբանեց նա։
Խոսելով տարածաշրջանում Իրանի հանդեպ Թրամփի նախկինում ունեցած վերաբերմունքի հնարավոր կրկնության մասին՝ Հարութ Սասունյանը շեշտեց դրա հավանականությունը։
«Ինչ-ինչ պատճառներով՝ Թրամփն Իսրայելի մեծ սիրահար է, ու ինչ Իսրայելն ուզում է, անում է։ Նա ավելի է պաշտպանում Իսրայելի շահերը, քան հենց Իսրայելի կառավարությունը, ու քանի որ Իսրայելը հակադրված է Իրանի հետ, հավանական է, որ Թրամփն ուժեղացնի Իրանի պատժամիջոցները, սպառնալիքներ հնչեցնի, և այլն։
Սա, իհարկե, շատ վատ է նաև Հայաստանի համար, քանի որ ունենք-չունենք, այդ մի հարևան երկիրն ունենք, որ շատ հարցերում դրական է տրամադրված ՀՀ-ի հանդեպ։
Իրանից բացի՝ Թրամփի վարչակազմի դեպքում կա նաև Թուրքիայի ու Ադրբեջանի ֆակտորը, որովհետև վերընտրված նախագահը երկար տարիներ միլիոնավոր դոլարների բիզնեսներ է ունեցել Թուրքիայում և Ադրբեջանում, որոնք ստիպված է եղել վաճառել նախագահի պաշտոնը ստանձնելիս, որովհետև շահերի բախում կար իր պաշտոնի ու բիզնեսի միջև։
Վաճառեց՝ ինչպես Ստամբուլի հյուրանոցի շենքը, այնպես էլ՝ Բաքվի, բայց շարունակում է ջերմորեն արտահայտվել, օրինակ, Էրդողանի մասին․ վերջերս նորից ասում էր, թե՝ Էրդողանը հոյակապ ղեկավար է, իրեն հավանում եմ, մտերիմ եմ, ուժեղ մարդ է․․․ Այսինքն՝ նա շարունակելու է Էրդողանի հետ այդ սիրաբանությունը, ինչպես և նախկին 4 տարիների ընթացքում․ ըստ իր խորհրդականների՝ Էրդողանը միակ նախագահն էր, որ ամենից շատն էր զանգել Թրամփին, գրեթե ամեն շաբաթ։
Ամփոփելով Թրամփի վարչակազմից սպասելիքները՝ Հարութ Սասունյանն ասաց․
«Շատ վատ պետք է լինի ոչ միայն Հայաստանի համար, այլև աշխարհի․ տեսանք, որ վերջին շաբաթներին նա մի կողմից անընդհատ ասում է, թե ուզում է միայն ԱՄՆ-ով զբաղվել, հզորացնել, չի ուզում այլ երկրների հարցերին խառնվել, բայց մյուս կողմից՝ վերջին շաբաթների ընթացքում խոսում է այն մասին, թե Կանադան պետք է լինի ԱՄՆ 51-րդ նահանգը, և կամ՝ Գրենլանդիայի ու Պանամայի ջրանցքի վրա պետք է լինի ԱՄՆ հսկողությունը»։
168․am-ի վերջին հարցին, թե արդյոք այս իրավիճակում ՀՀ դիվանագիտությունն ու մասնավորապես ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն ի վիճակի՞ են ի շահ Հայաստանի՝ Թրամփի վարչակազմից առավելագույնը ստանալ, ամերիկահայ գործիչը պատասխանեց․
«Անկարելի է։ Այս դեսպանը չունի դիվանագիտական որևէ փորձ։ Մենք այստեղ ունեինք կարող դեսպան, որին նշանակեցին Անգլիայում, որպեսզի զիջեն Մակունցին, որն անկարող մի պաշտոնյա է։ Եթե Նիկոլ Փաշինյանն ուզում էր ինչ-որ օգուտ տալ իր մտերմին՝ Մակունցին, կարող էր ուղարկել մի երկրորդական երկիր, որպեսզի բարիք անի նրան։ Բայց, դժբախտաբար, նրան նշանակել է ամենակարևոր երկրի մայրաքաղաքում, որտեղ պետք է ամենափորձառու դիվանագետն ուղարկվի։
Նա ոչ մի բան չի անում, տարին մեկ-երկու անգամ հանդիպումներ, և այդքանը։ Երբ ես խոսում եմ Վաշինգտոնի կոնգրեսմենների հետ, նրանք էլ են ասում՝ ձեր դեսպանի ակտիվությունը չենք տեսնում, մինչդեռ Ադրբեջանի դեսպանը հաճախ է լինում Կոնգրեսի կուլիսներում, խոսում Ադրբեջանի շահերի մասին։ Սա ցավալի է մեզ համար, քանի որ Ադրբեջանն այս պահին կարող դեսպանի պետքություն չունի, մենք կարիք ունենք կարող դեսպանի ու դիվանագետի»։