Պետությունը մեխանիզմ է ստեղծում է խաղաղ պայմաններում ինտերնետի արգելափակումների համար. փորձագետն ահազանգում է
Թաքնվելով շահումով խաղերի դեմ պայքարի լոզունգների տակ՝ պետությունը ստեղծում է խաղաղ պայմաններում ինտերնետի արգելափակումների մեխանիզմ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել տեղեկատվության անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ու «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերին։
Ըստ փորձագետի՝ օրինագծով նախատեսված կարգավորմամբ ռաջարկվում է արգելափակել Հայաստանում գրանցում չունեցող օնլայն կազինոները։ Այսինքն՝ եթե կազինոն Հայաստանում գրանցված է՝ արգելափակում չկա։ Այլ կերպ ասած՝ սա ոչ թե շահումով խաղերի դեմ պայքարին ուղղված քայլ է, այլ՝ Հայաստանում գրանցված օնլայն խաղատները պաշտպանելու։
«Նախ, ենթադրենք օրենքի առաջնային նպատակն իսկապես շահումով խաղերի դեմ պայքարն է։ Ոչինչ չի խանգարում այդ չգրանցված կազինոներին, եթե իրենք տեսնեն, որ շոշափելի եկամուտ են կորցնելու, գրանցվեն Հայաստանում և այդպիսով ազատվեն արգելափակումներից։ Ինչ վերաբերում է շահումով խաղերից օգտվել ցանկացողներին, ապա պարզ է, որ իրենք մասսայաբար սկսելու են օգտվել VPN ծառայություններից, իսկ դա տելեկոմ օպերատորների մղձավանջն է, քանի որ իրենց համար թրաֆիկը թանկանալու է։ Ի վերջո, VPN միացնողը միայն կազինոյից չի օգտվում, այլ բացում է Ֆեյսբուք, լուրեր, YouTube։ Երբ VPN չկա, օպերատորը հնարավորություն ունի նույն բովանդակությունը ՝ օրինակ ինչ–որ ֆեյսբուքյան reel, մեկ անգամ բերել–հասցնել Հայաստան, հետո դա պահուստավորել ու տեղական «քեշից» ցույց տալ տասնյակ հազարավոր օգտատերերի։ Այսինքն՝ թե բոլորի համար ավելի արագ կապ ապահովել, որովհետև դա մատուցվում է աշխարհագրորեն ավելի մոտիկ վայրից, թե՛ ստիպված չլինել նույն կոնտենտը ամեն անգամ նորից «ներմուծել» ու ծանրաբեռնել երկրից դուրս գտնվող ավելի թանկարժեք ու սահմանափակ կապուղին։ Մինչդեռ VPN–ի օգտագործողը, կարծես, անթափանց թունելով անցնում է նույն այդ կապուղիների միջով և օպերատորը որևէ միջամտություն չի կարողանում անել։ Հետևաբար, VPN օգտագործողը շատ ավելի թանկ է նստում օպերատորի վրա։ Մենք այս վիճակին ականատես ենք լինում բոլոր այն երկրներում, որտեղ կան արգելափակումներ», - նկարագրեց փորձագետը։
Պապյանի գնահատմամբ՝ իշխանությունները հետևողականորեն փորձում են մեխանիզմներ ստեղծել՝ ինտերնետի արգելափակման համար՝ պատերազմական դրության, շահումով խաղերի, ապատեղեկատվության դեմ պայքարի, այլևալ ձևակերպումների անվան տակ։
«Ու մի հարց էլ, արդյո՞ք այս կարգավորումների հայտարարված նպատակները և գործադրվող միջոցները համաչափ են։ ֆինանսական մասով ասեմ, որ ես դրա մասնագետը չեմ և չեմ ցանկանա մեկնաբանել, իմ գործը ինտերնետի ազատությունը պաշտպանելն է, բայց եթե իսկապես ուզում են պաշտպանել շահումով խաղերից, ապա ի՞նչն է խանգարում, որ բանկերը ինչ–որ սահմանափակումներ կամ արգելանքներ կիրառեն շահումով խաղերի համար բանկային վճարումներ իրականացնողների նկատմամբ»,- նշեց Արթուր Պապյանը՝ ավելացնելով, որ դեռ անցած տարվանից նաև շրջանառվում էր ռազմական դրության պայմաններում ինտերնետի արգելափակումների մեխանիզմ ստեղծելու օրինագիծը, որը լուրջ խնդիրների բախվեց և ժամանակավորապես հանվեց։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ու «Վիճակախաղերի մասին» օրենքներում փոփոխությունների օրինագծերը ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել 2024 թ.ի դեկտեմբեպի 21-ի նիստում։
Աղբյուր` Փաստինֆո