ՔԿՀ-ներում ինքնավնասման դեպքերը 30%-ով ավելացել են
«Հետք»-ը գրել է․ Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներում 2024թ. (դեկտեմբերի 19-ի դրությամբ) ինքնասպանության և սպանության դեպքեր չեն արձանագրվել, փոխարենն ավելացել է ինքնավնասում կատարած անձանց թիվը: Նշված ժամանակահատվածում ինքնավնասում է կատարել 205 ազատազրկված անձ՝ 2023թ. 155-ի համեմատ: Ինքնավնասման դեպքերը ևս աճել են: 2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ արձանագրվել է 613 դեպք, իսկ 2023թ․-ին՝ 472: Այսինքն՝ ինքնավնասում կատարած ազատազրկված անձանց մի մասը մեկից ավել է նույն քայլին դիմել, այդ իսկ պատճառով դեպքերը ինքնավնասում կատարած անձանց թվից շատ են: Միայն «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ինքնավնասման դեպքեր չեն գրանցվել:
2023թ.-ին ինքնասպան է եղել «Արմավիր» ՔԿՀ-ի երկու կալանավորված անձ՝ 31 և 44 տարեկան: Ինչ վերաբերում է մահվան դեպքերին, ապա 2024թ. դեկտեմբերի 19-ի դրությամբ 10 ՔԿՀ-ներից մահվան դեպքեր արձանագրվել են միայն «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում: Համեմատության համար նշենք, որ 2023թ. արձանագրվել էր անազատության մեջ գտնվող 16 մարդու մահվան դեպք, իսկ 2024-ին՝ 11:
11 մահացածներից 5-ն ունեցել է դատապարտյալի, իսկ 6-ը՝ կալանավորված անձի կարգավիճակ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է կալանավոր Գ.Բ-ի ինքնավնասման գործը: Նա «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավոր է, մեկ տարի առաջ՝ 2024թ. հունվարի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ածելու սայրի միջոցով կատարել է քերծվածքների տեսքով ինքնավնասում և ստացել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Նույն օրը՝ դեպքից մեկ ժամ անց, կրկին ձեռք է բերել ածելու սայր, որով կատարել է քերծվածքների տեսքով ինքնավնասում:
Գ.Բ-ն նույն եղանակով ինքնավնասում կատարել է նաև նույն տարվա ապրիլ և հունիս ամիսներին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 512-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից զենք, կտրող-ծակող կամ կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու համար այլ գործիք, նյութ կամ առարկա պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, կրելը կամ իրացնելը կամ նրան այդպիսի առարկա փոխանցելը: Այս արարքի համար նախատեսված է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Քրեակատարողական ծառայությունում հավաքագրված տվյալներ չկան, թե ինքնավնասում կատարած անձանցից քանիսն են եղել կալանավորված, քանիսը՝ դատապարտյալ և ինչ տարիքային խմբում են եղել: Սակայն ինքնավնասման հիմնական պատճառներից են առաջադրված մեղադրանքը չընդունելը, քրեական գործերը վերաբացելը, պահման պայմանները և այլն:
Ինքնավնասման դեպքերի ու դրանք կատարած անձանց թվով առաջատար են «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկները: Այստեղ նաև ամենաշատ թվով ազատազրկված անձինք են պահվում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում