Հայաստանում անչափահաս աղջիկը սեռական բռնության ենթարկվելուց հետո ինքնասպան է եղել
Անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու մեջ մեղադրվող երիտասարդը չի կալանավորվել։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ shamshyan.com-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում մի կին ահազանգել է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ, ովքեր սովորում են մարզի դպրոցներից մեկում, տանից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։ Արդեն դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերել են Երևան քաղաքի Կողբացի փողոցի շենքերից մեկում։ Հայտնաբերել են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվել և տեղափոխվել են Երևանի քրեական վարչություն։ Արդեն ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնել է, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ 2024 թվականի դեկտեմբերի 21-ին անչափահասը՝ անհայտ քանակությամբ կոլխիցին խմելու հետևանքով դեղորայքային թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է Մուրացան մանկական ԲԿ: Պարզվել է, որ անչափահասը ինքնասպանություն գործելու նպատակով խմել է կոլխիցին տեսակի թվով 60 դեղահաբ: 2024 թվականի դեկտեմբերի 24-ին վերջինս մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասին ինքնասպանության հասցնելը), 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Մահացած անձը ճանաչվել է տուժող: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: ՔԿ-ից հայտնեցին, որ մեղադրանք է ներկայացվել 1 անձի: Նրա նկատմամբ հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, այն է սեքսուալ բնույթի բռնի գործողության կատարումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հոգեկան խանգարում կամ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք։
«Միջնորդություն ենք ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը մերժվել է: Վերջինիս նկատմամբ որպես այլընտանքային խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի իրական հանգամանքները, ինչպես նաև անչափահասի ինքնասպանության շարժառիթը պարզելու ուղղությամբ: Հաշվի առնելով քրեական վարույթի առանձնահատկությունը, ինչպես նաև անչափահասների լավագույն շահն ապահովելու առաջնահերթությունը, այս պահին զերծ կմնանք հավելյալ տեղեկատվություն տրամադրելուց»,- նշեցին ՔԿ-ից:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո