Տիրան Խաչատրյանը՝ իր պարգեւատրման մասին
Քաղաքական իշխանությունը փորձում է իր վրայից թոթափել Ադրբեջանի կողմից 2020 թվականին սանձազերծված պատերազմին պատրատվելու ու համարժեք հակադարձումը կազմակերպելու աշխատանքներում թույլ տված ձախողումների պատասխանատվությունը ու մեղքը բարդել այն զինվորականների վրա, որոնք քննադատում են Փաշինյանին ու թերեւս բավական լավ քաջատեղյակ ներքին խոհանոցին։
2025 թվականի հունվարի 4-ին հայտնի դարձավ, որ գեներալ- լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է ու մեղադրվում 44-օրյա պատերազմի օրերին, մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք։ Ու սա այն դեպքում, երբ այդ օրերին Տիրան Խաչատրյանին շնորհվել էր հերոսի կոչում։
Հիշենք, որ այդ օրերին Նիկոլ Փաշինյանը դադարեցրել էր զորահավաքը, կոչ օր անում բնակիչներին կամավոր ջոկատներ ձեւավորել, գտնել զրահաբաճկոններ, ընտրել հրամանատար ու մեկնել ռազմի դաշտ՝ ԱԹՍ-ների դեմ կռվելու, ավելին՝ նախապես հայտարարում կանոնավոր բանակի ծրագրած գործողությունների մասին, բայց մեղավորը զինվորականներն են։ Թերեւս կարող ենք համաձայնվել, որ զինվորականները մեղավոր են, որ պահպանեցին լռության ու առ այսօր են խոսում Փաշինյանի ազգադավ գործողությունների մասին, բայց դա ուրիշ հարց է, որին դեռ կանդրադառնանք։
Այս օրերին շատ է խոսվում Տիրան Խաչատրյանին Փաշինյանի առաջարկությամբ շնորհված հերոսի կոչման մասին, մինչդեռ ինքը՝ Տիրան Խաչատրյանը, այդպես էլ այն չի վերցրել՝ պարգեւատրման ժամանակ լինելով ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ։
Նշված թեմայի շուրջ «Փաստինֆո»-ն գեներալի հետ զրուցել է դեռեւս 2023 թ. մայիսին։ Կից վերահրապարակում ենք գեներալի պատասխանները, թե ինչու չի վերադարձրել շքանշանը։
-Պարոն Խաչատրյան, դեռևս 2020 թ. հոկտեմբերին դուք Ազգային հերոսի, թերևս, ամենաբարձր պատվո կոչումին արժանացաք, սակայն, դրա վերաբերյալ մեկնաբանություններն իրարամերժ էին թվում։ Ինչո՞ւ պատերազմից հետո դուք հետ չվերադարձրիք Փաշինյանի կողմից՝ Ձեզ շնորհված Ազգային հերոսի կոչումը։
-Բայց ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տայի, կամ ի՞նչ – որ մեկը դա ինձ տվե՞լ է, որ ես իմանայի, թե ո՞ւմ պետք է դա հետ տամ։
-Իսկ ինչո՞ւ դա Ձեզ չեն տվել կամ անձամբ հանձնել, պարոն Խաչատրյան։
- Այ դա տվողներին հարցրեք…
-Այդ դեպքում՝ ո՞ւմ են տվել կամ որտե՞ղ է գտնվում Ձեզ շնորհված Ազգային հերոսի կոչումը։
-Դա տվել են ոչ թե ինձ, այլ հանձնել են Պաշտպանության նախարարությանը։
- Եվ Դուք դա այնտեղից չե՞ք վերցրել, կամ որևէ մեկը այն Ձեզ չի՞ փոխանցել։
-Ես չեմ վերցրել, ինձ չեն փոխանցել։
Տիրան Խաչատրյանին Հայրենիքի շքանշանով պարգեւատրելու մասին հրամանագիրը հրապարակվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին, այդ ընթացքում նա զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը։ Նա ազատվել է 2021 թվականի փետրվարին, երբ չէր կարողացել զսպել իր ծիծաղը իսկանդերը 10 տոկոսով կրակելու մասին Փաշինյանի հայտարարության կապակցությամբ։
Այսինքն՝ գեներալը պարգեւատրվելուց հետո 4 ամիս շարունակել է պաշտոնավարել, բայց այդպես էլ շքանշանը չի վերցրել։ Հայտնագործություն չէ, թե զինվորականի համար ինչ կարեւորություն ունի զինվորական պարգեւը, առավել եւս հայրենիքին մատուցած զինվորական ծառայության համար, բայց Տ. Խաչատրյանը, փաստորեն, դեռեւս պաշտոնավարման ժամանակ չի ցանկացել Ն.Փաշինյանի կառավարությունից վերցնել որգեւէ պարգեւ։