Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածնի կամրջի հարևանությամբ բախվել են «Nissan Altima» և «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Խաչատրյան ու Գարիկ Մեսրոպյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Nissan»-ի վարորդն է, ով Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Շուշանյանն է։