Թմրանյութ օգտագործելու համար ծեծել է համածառայակիցների մոտ, կանչել ծնողներին. Զինծառայողի ինքնասպանության հետքերով
Զինծառայող Գ. Խնկոյանի մահվանից 1.5 տարի անց ամբաստանյալի աթոռին է հայտնվել նրա հրամանատարը` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով:
Դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2023թ. օգոստոսի 11-ին: Ըստ նախաքննական մարմնի` գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ ժամկետային զինծառայողը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով կրակահերթ է արձակել և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է: Քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել մայորի կոչում ունեցող հրամանատարին` զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դեպքից շուրջ 1.5 տարի անց քրեական գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննության:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` ըստ մեղադրանքի, մայոր Ա. Թովմասյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը, կոչումով՝ մայոր, նույն ստորաբաժանման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալից 2023 թվականի օգոստոսի 10-ին տեղեկացել է, որ զինծառայող Խնկոյանի կողմից օգտագործված սմարթֆոնում հայտնաբերվել է վերջինիս և երկու այլ զինծառայողների մասնակցությամբ Կամազ մակնիշի ավտոմեքենայում թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ տեսանյութ:
Հրամանատարը, զորամասի շարահրապարակում 3-րդ հրաձգային գումարտակի անձնակազմի ներկայությամբ, նախ թևից քաշելով Խնկոյանին հանել է շարքից, ապա գետնին գցել նրա զինվորական գլխարկը, ոտքը դրել գլխարկի վրա, ապա պահանջել հայտնել իր հետ թմարմիջոց գործածած մյուս երկու զինծառայողների տվյալները, սակայն շարքայինը հրաժարվել է հայտնել նրանց անունները` պահպանելով լռություն, ինչից հետո հրամանատարը ոտքով հարվածել է զինծառայողի ոտքին, իսկ ձեռքով՝ ծոծրակին, բացի այդ՝ երկու-երեք անգամ նրա ուսին հրելով պահանջել է շարք վերադառնալ՝ հայտարարելով, որ նրան կպատժի 30 օր կարգապահական գումարտակում կալանքի տակ պահելու, ինչպես նաև՝ հորը զորամաս կանչելու ձևով, որպեսզի ծնողը ներողություն խնդրի որդու արարքի համար: Բացի այդ, հրամանատարը շարքում կանգնած զինծառայողների ներկայությամբ պահանջել է, որ զինծառայողը գիշերը հերթապահի իր սենյակի մոտ և անհրաժեշտության դեպքում «չայնի» (թեյարան) գնա, այնուհետև 2023 թվականի օգոստոսի 10-ին՝ ժամը 17-ի սահմաններում, արդեն 3-րդ հրաձգային գումարտակի իր աշխատասենյակում մայորը մեկ անգամ ուժեղ ապտակել է Խնկոյանին, ով Ա. Թովմասյանի գործողությունների ճնշման ներքո, ի վերջո, հայտնել է իր հետ թմրամիջոց գործածած անձանցից մեկի՝ համածառայակցի անունը:
Ըստ նախաքննական մարմնի` շարքայինը, գտնվելով ընկճված հոգեվիճակում, որը պայմանավորված է եղել համածառայակիցների ներկայությամբ ծեծվելու, վերադաս հրամանատարությանը համածառայակցի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու մասին տվյալներ հայտնելու, նաև՝ Ա. Թովմասյանի կողմից իր ծնողին զորամաս կանչելու մտադրությամբ, 2023 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, զորամասի ավտոհավաքակայանի 3-րդ հրաձգային գումարտակին ամրակցված շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ԱԿ-103 տեսակի ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Մայորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, քրեական գործը մակագրվել է դատավոր Միքայել Գրիգորյանին:
Հեղինակ` Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո