Հալեպահայերը դեռ զգուշավոր են ու երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս. Sputnik
Հալեպում մարդիկ աստիճանաբար իրենց բնականոն կյանքին են վերադառնում, սակայն կան տնտեսական լուրջ դժվարություններ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
«Մարդիկ իրենց բնականոն աշխատանքին դեռևս չեն վերադարձել, ժողովուրդը խնայողությամբ կապրի։ Ապագան դեռևս մութ է։ Չնայած որ սննդամթերքի խնդիր չկա, զինյալների ներկայություն չկա, կան տնտեսական դժվարություններ»,–ասաց Պողիկյանը։
Նրա խոսքով` մարդիկ անվտանգային առումով էլ դեռևս զգուշավոր են, երեկոյան ժամերին տնից դուրս չեն գալիս։
Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, Պողիկյանը նշեց, որ հիմնականում նորմալ է, բայց մերթընդմերթ ջրամատակարարումը 1-2 օրով դադարում է, հետո վերականգնվում։ Էլեկտրականությունն օրական 4 ժամ է տրվում, էլեկտրակայանները վերականգնելու համար ժամանակ է պետք։
Հայկական թաղամասերում ևս իրավիճակը լավ է, վտանգ չկա։
Անդրադառնալով այն տեսանյութերին, որ Հալեպում ինչ որ խմբեր բարձրախոսով կանանց հորդորում են գլխաշոր կապել, Պողիկյանը նշեց, որ պաշտոնապես նման պահանջ չկա։
Խոսելով սիրիահայերի արտագաղթի մասին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջին մի քանի օրերին եղել են սիրիահայ ընտանիքներ, որոնք լքել են երկիրը, քանի որ խուճապ կար, սակայն կոնկրետ թվեր չի կարող նշել։