Կրկին գործող վարչապետի ու նախկին նախագահների բանավեճի մասին

Նախաամանորյա տասնօրյակը երկրի քաղաքական կյանքում նշանավորվեց գործող վարչապետի՝ նախկին նախագահներին ուղղված բանավեճի մարտահրավերով իր առաջարկած պնդման վերաբերյալ․ «1994 թվականից ի վեր, այսինքն՝ հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Կարող է թվալ, որ նախագահների միաձայն մերժումը խնդիրը դուրս է դնում քննարկումների հարթությունից։

Առավել ևս, որ շատ ճշմարտանման է այն կարծիքը, որ իշխանությունը փորձում է առաջիկա (կարևոր չէ՝ արտահե՞րթ, թե՞ հերթական) խորհրդարանական ընտրություններից առաջ ձերբազատվել գլխավոր, բայց ոչ միակ խիստ խոցելի պատասխանատվությունից՝ 2020թ. ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի, կապիտուլյացիայի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկման և, որպես դրա հետևանք, Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման ու ցեղասպանության փորձի համար, քանի որ տեղյակ է իր վարկանիշի աղետալի անկման մասին։

Պատահական չէ, որ գործող վարչապետի առաջարկի «թիրախը» ոչ թե նախկին նախագահներն են, այլ ժողովուրդը՝ այս թեմայով ֆեյսբուքյան գրառումներում նա դիմում է «սիրելի ժողովրդին»։ Ավելին, հայտարարվում է, որ «ճշմարտության պահ է», «Սա միայն անցյալի խոսակցություն չէ, այլ նաև ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն է»։ Սա փոխում է հարցադրումը, և հենց ժողովրդի ճիշտ կողմնորոշվելու համար պահանջվում են մի շարք պարզաբանումներ՝ անգամ չվիճարկելով այդ ձևակերպումների անկեղծությունը։

1․ Բանավեճի հրավերը և կողմերը։ Առողջ քաղաքական գործընթացներ ունեցող երկրներում նման բանավեճեր անցկացվում են ընտրություններից առաջ, սակայն դրանց նպատակը ոչ թե ճշմարտությունը պարզելն է, այլ այս կամ այն հարցի վերաբերյալ կողմերի տեսակետներն ընտրողներին փոխանցելը։ Քանի որ ընտրություններն անգամ չեն նշանակվել, և հայտնի չեն մասնակիցներն ու հակամարտության կարգավորման գործընթացն էլ խափանվել է, ապա միանգամայն տրամաբանական է, որ նախագահներն անիմաստ են համարում իրենց մասնակցությունն արհեստական շոուների, որոնք այս դեպքում վերածվելու են աճպարարության և մանիպուլյացիաների։ Հետևաբար, եթե հրավերի նպատակը ոչ թե աճպարարությունն է ու մանիպուլյացիաները, և բանավեճի հրավերը թյուրըմբռնումն է, ապա պետք է ճշտել, թե որն է ճշմարտությունը պարզելու ձևը։

2․ Ինչպես պարզել ճշմարտությունը։ Վաղուց հայտնի է, որ առողջ հասարակական հարաբերություններ ունեցող պետություններում ճշմարտությունը պարզելու ընդամենը մեկ ձև կա՝ անաչառ, անկախ, բարձրակարգ մասնագետների կարծիքը։ Պատահական չէ, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչնչացնում են մասնագիտական հարթակները՝ վերջնականորեն փլուզելով առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող ակադեմիական կառույցները՝ դրանցից դուրս մղելով սակավաթիվ մասնագետներին, եթերը լցնելով թերուս տարաբնույթ «ուսապարկերի» բարբաջանքներով, այլև փորձում են աճպարարություններով ու մատների վրա արված մանիպուլյացիաներով փոխարինել իրական մասնագիտական կարծիքն ու «լուծել» խնդիրները։

Եթե, այդուհանդերձ, հանկարծ ցանկություն է առաջացել ժողովրդին ճշմարտությունը ներկայացնելու, ապա նախ պետք է տեսնել այն, ինչ արված է տասնամյակների ընթացքում։ Փաստերի, փաստաթղթերի, գիտական աշխատանքների հիման վրա հետազոտվել ու ներկայացվել են ոչ միայն այդ ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ու գործընթացները, այլև 2020թ․ սկիզբ առած ու մինչ այսօր շարունակվող աղետալի իրադարձություններն ու դրանց պատճառները։ Ու պարզ կդառնա, որ Արցախի անկախության ճանաչումը՝ ինքնորոշման իրավունքի իրացման հանրաքվեի միջոցով, բանակցությունների հիմքում էր 2005 թվականից, իսկ բանակցային փաստաթղթում՝ 2007 թվականից, որ դա հաստատող փաստաթուղթը 2009թ․ ստորագրել են ոչ միայն համանախագահներն ու Հայաստանի ներկայացուցիչը, այլև Ադրբեջանի ներկայացուցիչը, որ Ալմա Աթայի հռչակագիրը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, որ կապիտուլյացիայով խաղաղություն չեն ձեռք բերում, առավել ևս՝ տարածքներ հանձնելով, որոնց նկատմամբ որևէ լիազորություն չունես, և այլն, և այլն։

Ընդ որում, այդ ամենը հրապարակվել է ու ներկայացվել թե ժողովրդին, թե իշխանությանը, ու եթե առաջինի համապատասխան հատվածը ճշմարտությունը գիտի, ապա երկրորդն անհաղորդ է դրան։ Ավելին, աղետալի զարգացումներից խուսափելու համար դեռևս 2018 թվականին առաջարկվել է Արցախի հարցում մասնագիտական աջակցություն, հետագայում՝ կազմակերպել մասնագիտական բանավեճ։

Հիմա հանկարծ բանավեճի ցանկությո՞ւն է առաջացել։


Կազմակերպեք իրական, մասնագիտական բանավեճ. մի կողմից՝ գործող վարչապետը, եթե ցանկանում եք՝ նաև ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչները, իրենց մասնագետները (եթե, իհարկե, կան), մյուս կողմից՝ մի քանի մասնագետներ, որոնց ցուցակը ցանկացած պահի կներկայացվի։

Իհարկե, կա ավելի լավ տարբերակ, որը բացառում է ցանկացած աճպարարություն։

Առաջին նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանը, ի պատասխան բանավեճի հրավերի, առաջարկում է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների բոլոր առաջարկությունները՝ «խաղաղության պլանները», և Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունների արձագանքը դրանց։

Չհրապարակված փաստաթղթերի հրապարակման պահանջը, անշուշտ, ճիշտ է, բայց ճշմարտությունը մեկընդմիշտ պարզելու համար արդեն հրապարակված փաստաթղթերն էլ բավական են, ու պետք է առաջ գնալ։ Երկու անգամ իշխանությունը փորձել է գրավոր ներկայացնել իր մոտեցումները՝ մի դեպքում Մադրիդյան սկզբունքների փոխարեն, այսպես կոչված, «Մյունխենյան սկզբունքներ» կոչվածը, որի մասին արագորեն մոռացվել է, երկրորդ դեպքում՝ «Ն. Փաշինյան, 44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը։ Երկու դեպքում էլ մասնագիտական հիմնավորված հրապարակումներ են եղել, որոնք բացահայտել են դրանց սնանկությունը։ Ընդ որում, երկրորդ դեպքում դա արել են նաև համանախագահները՝ Ответ российского сопредседателя в Минской группе ОБСЕ, Посла по особым поручениям МИД России И.В.Попова на вопрос СМИ относительно статьи Премьер-министра Армении Н.В.Пашиняна «Истоки 44-дневной войны», www.mid.ru\ru\foreign_policy\news\- \asset_publisher\cKNonkJE02Bw\content\id\4519475։ Սակայն իշխանությունների արձագանքը չի եղել, թեև երկրի ղեկավարը մեղադրվում էր կեղծարարության մեջ։ Անարձագանք են մնացել նաև բազմաթիվ այլ հրապարակումներ։

Լավ, գոնե հիմա, երբ ժողովրդին խոստանում եք ճշմարտությունը, հրապարակեք ձեր մոտեցումները բանավեճի հրավերի հարցադրման վերաբերյալ՝ հիմնավորող փաստաթղթերի ու մասնագիտական աշխատանքների հղումներով գրավոր տեքստ։ Կհամոզվեք, որ կլինի մասնագիտական հիմնավոր պատասխան, որի վերաբերյալ ոչինչ չեք ունենա ասելու։

Ուրեմն, ես պատրաստ եմ, ընտրեք՝ կամ մասնագիտական բանավեճ, կամ հիմնավորումներով գրավոր տեքստ, և տեղեկացրեք։ Հրաժարվելու կամ ․չարձագանքելու դեպքում հետևությունն ակնհայտ է։

Այս մոտեցման հիմքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ավելի քան 20 տարվա մասնագիտական աշխատանք է, երեք մենագրություններ (չորրորդը՝ եվրոպական մի հրատարակչության առաջարկով, պատրաստվում է այժմ և կհրապարակվի 2025-ին), այդ խնդրի վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ՝ այդ թվում և՝ հրապարակված միջազգային շտեմարաններում ընդգրկված հեղինակավոր հանդեսներում (վերջինը՝ Tigran Torosyan & Arax Vardanyan (2024) The impact of geopolitical transformations on the settlement of the Nagorno-Karabakh conflict: self-determination or genocide?, Dynamics of Asymmetric Conflict, 17:3, 221-238, DOI: 10.1080/17467586.2024.2370245)։

Տիգրան Թորոսյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Կավելաշվիլին ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը Բաքվի ողջ քարոզչությունը հակառուսական հիստերիայի մեջ է․ Տիգրան Աբրահամյան Վրաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Հայաստանում «Զվարթնոց» օդանավակայանում ուշացումներ են. ի՞նչ է կատարվում Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնում Վրաստանում մեկնարկել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ Գյումրիում տնակ է այրվել. կա զոհ Սալոմե Զուրաբիշվիլին լքել է Վրաստանի նախագահի նստավայրը Լուկաշենկոն շարունակում է ծաղրել Հայկական գաթան ներկայացվել է որպես «ադրբեջանական խմորեղեն» Մարմարաշենի վարչական տարածքում բախվել է 12 ավտոմեքենա․ կան վիրավորներ Երևան-Երասխ ճանապարհին մառախուղի պատճառով բախվել են 60-70 մեքենաներ․ կա զոհ, վնասվել է գազատարը Գործ ունենք ճգնաժամային ցուցանիշների հետ, որոնք արտացոլում են Հայաստանի տնտեսության ողջ իրականությունը. Վահե Դավթյան Ո՞վ է ո՞ւմ խփել՝ Սարիկ Մինասյանը՝ Կարեն Սարուխանյանի՞ն, թե՞ հակառակը. ՔՊ-ականների տոնածառային փարթիի անհանգիստ վերջաբանը Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան 200000 դրամ արժողությամբ ծառայությունը դառնալու է կլորացրած` 240000 դրամ. Վարազդատ Հարությունյան Դասախոսներից մեկը մի հարց տվեց, որը հիմա հաճախ եմ մտաբերում. Հովհաննես Ավետիսյան Լիբանանը Սիրիա է արտաքսել շուրջ 70 սիրիացի սպաների և զինվորականների 2025 թվականն Իրանի միջուկային խնդրի առումով կարևոր տարի է լինելու. Աբբաս Արաքչի
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am