Վախենում է Ադրբեջանից, Ռուսաստանից, Արևմուտքից, միայն չի վախենում իր ժողովրդից․ Մետաքսե Հակոբյան
«Հրապարակ» թերոը գրել է․
Փաշինյանը, որ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո վախենում էր խոսել Արցախի մասին, վերջին օրերին հիշել է եւ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի է հրավիրում։ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նկատում է՝ քաղաքական ուժերի ղեկավարների միջեւ բանավիճելը նորմալ քաղաքական գործընթաց է, սակայն Փաշինյանի պարագան այլ է. «Շատ նորմալ կլիներ, որ Փաշինյանը բանավեճի հրավիրեր այն ժամանակ, երբ 2018-ին իշխանության ղեկը վերցնելուց հասկացավ, որ բանակցային գործընթացն իր պատկերացրածը չէ»։
«Լավ գիտակցելով, որ պատերազմ է բերում, գնաց այդ ճանապարհով։ Բանավիճել ցանկացող մարդը միակամ որոշում է կայացրել՝ հանձնել Արցախը, տարբեր առաջարկների դեպքում չի կանգնեցրել պատերազմը... 2022-ի հոկտեմբերի 6-ին միակամ որոշեց Պրահայում պաշտոնապես Արցախը հանձնել Ադրբեջանին։ Նույն մարդը միակամ որոշում է կայացրել 2023-ի սեպտեմբերի 9-ի իրողությունների հետ կապված՝ լռել է, չի աջակցել Արցախին, մասնակցել է Արցախի էթնիկ զտմանը։ Այսքան աղետ բերած ղեկավարն ինչպե՞ս կարող է բանավեճի հրավիրել որեւէ մեկին։ Նա կարող է բանավիճել միայն ինքն իր հետ կամ՝ իր խմբակի անդամների։ Որեւէ խելամիտ մարդ, առավել եւս՝ հաղթանակներ բերած անձինք, ղեկավարներ, չեն գնա նման արկածախնդիր ու անիմաստ քայլի, քանի որ ՀՀ ղեկավարն ինչպես եղել է դեղին մամուլի աստղ, այնպես էլ մնացել է, նա չդարձավ ղեկավար»,-ասում է Հակոբյանը։
Բաքվից Գրոզնի թռչող մարդատար ինքնաթիռի կործանումից ժամեր անց Փաշինյանը շտապեց ցավակցել Ալիեւին։ Շատերը հիշել էին, որ Փաշինյանը չցավակցեց անգամ Արցախի հայաթափման ժամանակ տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի հարազատներին։ Մետաքսե Հակոբյանը հիշում է. իսկ սեպտեմբերի 19-ին, ի լուր աշխարհի, հայտարարում էր, որ Արցախում որեւէ խնդիր չկա, արցախցիներն անվտանգ են։ «Նա իր հայտարարություններով հետագայում փակեց բոլոր ճանապարհները` ցեղասպանության, էթնիկ զտման ապացուցման տեսանկյունից։ Իր տեսակի համար իր պահվածքն օրինաչափ է։ Փաշինյանը վախենում է բոլորից` վախենում է Ադրբեջանից, Ռուսաստանից, Արեւմուտքից, սակայն չի վախենում իր երկրի ժողովրդից։ Սրանով են պայմանավորված իր պահվածքն ու գործողությունները»։
Այս իշխանությունների օրակարգում այլեւս չկա արցախցիների վերադարձի հարցը, չկա անգամ «Արցախ» եզրույթը։ «Եթե իշխանազավթումից հետո փաստեր չկային, որ իրենք նույնն օրակարգն ունեն, ինչ Ադրբեջանը եւ Թուրքիան, ապա այս տարիներն ապացուցեցին, որ համահունչ, նույն օրակարգով ու սցենարով շարժվում են։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ, բնավ ավարտը չէ։ Այս երկրների հիմնական նպատակները Հայաստանի հետ են կապված»,- ասաց նա։ «Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 1-ին՝ Արցախի Հանրապետության այն ժամանակվա նախագահի հրաժարականը, մեզ այլեւս կասկածի տեղիք չի տալիս, որ այս իշխանությունները նպատակ ունեին գլխատել Արցախը։ Իրենք ունեն մեկ օրակարգ՝ վերջնականապես փակել Արցախի հարցը, որպեսզի Հայաստանի վերաբերյալ հետագա պահանջները եւ պայմանավորվածությունները կատարելիս որեւէ խոչընդոտ չունենան»։