Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան
Հետագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի։ Դրա մասին դեկտեմբերի 26-ին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա պարզաբանել է, որ երբ բարեփոխումներն ամբողջությամբ մեկնարկեն, և ադապտացիայի փուլն անցնի, ավտոբուսներում պարբերաբար ստուգումներ կիրականացվեն։
Քաղաքապետը նշել է, որ բոլոր դպրոցականների համար կգործի 20 %, ուսանողների համար՝ 15 %, թոշակառուների համար՝ 30 %, նպաստ ստացողների համար՝ 20 % զեղչ։
«Մինչև 7 տարեկան երեխաները, մանկատների սաներն ու տուն-ինտերնատների բնակիչները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, 4 երեխա ունեցող ծնողները, ծնողազուրկդպրոցականներն ու ուսանողները, ռազմական գործողությունների ժամանակ զոհված կամ անհայտ կորածների ընտանիքի անդամները, ԽՍՀՄ հերոսները, Հայաստանի հերոսները և մի շարք այլ անձինք կկարողանան անվճար օգտվել»,- նշել է Ավինյանը։
Նա հավելել է, որ այս տարի քաղաքային իշխանությունները ձեռք են բերել 19 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս։
«Հունվարի 1-ից բոլոր մասնավոր ավտոբուսները կհեռացվեն տրանսպորտային ցանցից և կփոխարինվեն նոր ավտոբուսներով։ Հետագայում նախատեսում ենք ձեռք բերել ևս 250 միավոր 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ»,- ընդգծել է պաշտոնյան։
Նրա գնահատմամբ՝ հաջորդ տարի «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի եկամուտը 8 միլիարդ դրամից կհասնի 13 միլիարդ դրամի, իսկ մայրաքաղաքի քաղաքապետարանը կշարունակի ընկերությանը սուբսիդավորել 5-6 միլիարդ դրամի չափով։
«Հաջորդ տարվանից կսկսենք վերանայել նաև որոշ վարորդների աշխատավարձերը»,-եզրափակել է քաղաքապետը։