Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ․ Վանեցյանը մանրամասնում է
Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը, ցանկացած մարդու հնարավոր է գաղտնալսել։ Այս մասին «Իմնեմնիմի» փոդքաստի եթերում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Վանեցյան-Սասուն Խաչատրյան-Նիկոլ Փաշինյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման տեխնիկական հնարավորություններին։
«Բացի այդ, իսկ ո՞վ է ասում, որ իմ հեռախոսն են լսել։ Որտեղի՞ց է որոշվել, որ իմ հեռախոսն են լսել։ Կարող է Նիկոլի հեռախոսն են լսել ու Սասունի։ Ընդ որում մի շատ կարևոր բան եմ ուզում ասել, որը մինչ այսօր չեմ ասել։ Գաղտնալսման հրապարակումից հետո հարուցվել է քրեական գործ Քննչական կոմիետում։ Քննիչն ասել է, գիտե՞ք, պարոն Վանեցյան, հեռախոսի զննության որոշում է կայացվել։ Ասում եմ՝ խնդրեմ։ Հարցնում եմ՝ սա ձեր օգտագործվող հեռախո՞սն է։ Ասում եմ՝ այո։ Հարցնում է՝ էս հեռախոսով եք խոսել, ասում եմ, այո։ Տալիս եմ հեռախոսը, ծրագրով կատարում են զննություն ամբողջությամբ։ Քրեական գործով դա կա։ Մինչ այսօր դրա շուրջ ոչ մի հարց չի առաջացել, արտասովոր որևէ բան չի եղել։ Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ։ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի տվել, չեն էլ ուզել։ Հիմա ո՞վ ասեց, որ Արթուր Վանեցյանի հեռախոսն են լսել»,-նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ այնուհետև օպերատիվ հաստատված տվյալներ են ձեռք բերել, որ արտերկրում ապրող մի մարդ արտերկրում կատարել է գաղտնալսումը։
«Օպերացիա ենք կազմակերպել, այդ մարդուն բերել ենք ՀՀ, քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել, տվել է խոստովանական ցուցմունք, ու իմ աշխատանքից դուրս գալուց հետո էդ մարդուն բաց ենք թողնում, գնում է։ Չեմ ասում՝ վերջնականապես բացահայտված հանցագործն է, բայց կծիկը, որ պետք է բացես, էդ թելը տվել եմ, ասել եմ՝ քաշի, քանդվելու է։ Մի երկու ամիս պահել են, բաց են թողել»։