«Մա՛մ, տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի». կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 1-ին Սոթքի դիրքում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մանկության տարիներին բոլորից տարբերվում էր: Հիմա մտովի հաճախ եմ իր մանկություն տեղափոխվում, և բոլոր իրադարձությունները, կարծես, ֆիլմի կադրերի պես աչքերիս առաջ հայտնվեն: Շատ աշխույժ էր թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, թե՛ տանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Վաչագանի մայրիկը:

Վաչագանը ծնունդով Շիրակի մարզի Լանջիկ գյուղից է: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Հաճախել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: «Առաջին դասարանից սկսած՝ շատ լավ է սովորել: Պարտաճանաչ, կարգապահ աշակերտ էր: Բարձր առաջադիմությունը շարունակվեց մինչև 7-8-րդ դասարաններ, դրանից հետո «8»-եր ունեցավ: Առարկաներից շատ էր սիրում մաթեմատիկան: Առաջադիմություն ուներ շախմատում, սպորտում: Լավ ֆուտբոլ էր խաղում, բասկետբոլ: Սպորտը շատ էր սիրում»:

Մայրիկն ասում է՝ բանակում ծառայությունն ավարտելուց հետո որդին մտադիր էր ուսումը շարունակել Կիրառական մաթեմատիկայի բաժնում: «Բարձր գնահատականներով ավարտեց դպրոցը, ասում էր՝ գնամ բանակ, գամ, հետո կտեսնեմ, թե ինչ եմ անելու»:

2023 թ. հունվարի 15-ին Վաչագանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Վիճակահանությամբ ընտրեց Վարդենիսը: Իրեն մոտ մեկ շաբաթով տարան Իջևանի զորամաս, այնտեղից տեղափոխվեց Արմավիրի ուսումնական զորամաս: Գերազանց հանձնեց քննությունները, կրտսեր սերժանտի կոչումով տեղափոխվեց Վարդենիս՝ Սոթքի թիվ N զորամաս»:

Վաչագանը ծառայության էր մեկնել 44-օրյա և 2022 թ. սեպտեմբերյան պատերազմներից հետո: Արդյոք ունե՞ր մտահոգություններ: «Շատ ուրախ է մեկնել ծառայության: Ուզում էր ժամանակից շուտ հասնել բանակ: Իր ընկերներից շատերն ամառային զորակոչով մեկնում էին ծառայության, Վաչագանս հուլիսի 1-ին է ծնվել, պետք է ձմեռային զորակոչով մեկներ: Ուզում էր գնալ, դիմում գրել, որ շուտ մեկնի՝ իր ընկերների հետ: Միշտ ասում էր՝ տղան պետք է տղա լինի՝ օդում, ջրում, ցամաքում: Հունվարի 15-ին, երբ պետք է գնար, վատառողջ էր: Իրեն ասացինք՝ գնանք զինկոմիսարիատ, գոնե մեկ-երկու շաբաթով հետաձգեն, կազդուրվիր, հետո կգնաս ծառայության: Բայց չհամաձայնեց՝ թեկուզ հիվանդ, բայց կգնամ»:

Մայրիկն ասում է՝ որդին օրինակելի և կարգապահ զինծառայող էր: «Երբ իրեն տանում էին Վարդենիս, մի քիչ տխուր էի: Ասում էր. «Մա՛մ, իսկական տղու ծառայությունը պետք է դիրքերում անցնի, տղեն պիտի դիրք պահի, որ հետո ամեն ինչ լավ լինի»: Երբ իրեն տեղափոխեցին Վարդենիս, միանգամից դիրքեր բարձրացրեցին և միանգամից առաջնագիծ: Ես անգամ զարմացա, որ ժամկետային զինծառայողներին միանգամից դիրքեր ու առաջնագիծ տարան: Սպասում էի, որ տասը, քսան օր, լավ, մեկ ամիս անց իրենց իջեցնելու են դիրքերից, բայց նման բան չեղավ: Երեք ամիս մնաց դիրքերում»:

Երբ հարցնում եմ ծառայությունից տպավորությունների մասին, տիկին Ռուզաննան արձագանքում է. «Ի՞նչ ենք հասկանում հայ զինվոր ասելով՝ օրինակելի վարք, կարգապահություն, հայրենասիրություն և մի շարք այլ կարևոր հատկանիշներ: Իր մոտ այս բոլոր հատկանիշները կային և գերազանց մակարդակի վրա էին: Արմավիրի ուսումնական զորամասում ավելի երկար է ծառայել: Ոչ մի բողոք չի ունեցել թե՛ ինքը, թե՛ իրենից: Լավ ընկեր ու կարգապահ զինվոր է եղել: Հետո տեղափոխեցին Վարդենիս: Շատ մոտ էր թուրքերի դիրքերին՝ մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Միայն մեկ անգամ ասաց՝ դրանք շատ մոտ են: Ես էլ ընկերների հետ զրույցի ժամանակ, չեմ էլ հիշում, թե երբ ու ինչպես, նշել էի՝ Վաչիկս ասել է, որ դրանց դիրքերը շատ մոտ են: Ընկերներն էլ զրույցի ժամանակ այդ թեմայով խոսել էին: Տուն զանգահարեց. «Մամ, ինչի՞ ես տղաներին նման բան ասել»: Այդ մի դեպքն է եղել, որ ինչ-որ կերպ խոսել է ծառայության մասին: Դժվարություններ, իհարկե, ունեցել է, բայց երբեք որևէ հարցում չի տրտնջացել կամ նեղսրտել: Ասել էր՝ սեպտեմբերի 7-8-ին իրենց իջեցնելու են, ինձանից տաք շորեր էր ուզել: Այդ տաք շորերն առել, պատրաստել էի, որ իրեն ուղարկեի, բայց այդպես էլ մնացին...»:

Թշնամին 2023 թ. սեպտեմբերի 1-ին կրկին հարձակվում է Հայաստանի սահմանների վրա: Նրանց դիվերսիոն խմբին հետ շպրտելու թեժ մարտերի ժամանակ էլ Սոթքում՝ իր պահած դիրքում անմահանում է Վաչագանը: «Գրված է, որ ԱԹՍ-ի հարվածից, բայց դեպքն այդպես չի եղել։ Բեկորային վնասվածք է ստացել ոտքի շրջանում, շատ ուժեղ արնահոսություն է ունեցել: Որտեղ նա ընկած է եղել, նշանառության տակ են վերցրել և թույլ չեն տվել, որ որևէ մեկը մոտենա և օգնություն ցույց տա իրեն: Նարեկ Պողոսյանը՝ հրամանատարի վարորդը, գնացել է Վաչագանիս ներքև իջեցնելու համար, բայց կես ճանապարհին նրան էլ են թիրախավորել: Նրա անունը մահացածների ցուցակում էր, բայց հետո նա հրաշքով փրկվեց: Կարծում եմ՝ այդ պատմությունը շատերին է ծանոթ: Շատ հաճելի, ընկերասեր տղա է: Իր կյանքը չխնայելով՝ գնացել էր Վաչիկիս օգնության»: Տիկին Ռուզաննայի խոսքով, այդ օրը սահմանի տարբեր ուղղություններով երեք զոհ ենք ունեցել, այդ թվում՝ իր որդին, և մեկ վիրավոր:

Վաչագանն անմահանում է սեպտեմբերի 1-ին՝ իրեն վստահված դիրքում: «Վաչագանս պատասխանատվությունն իր վրա է վերցրել: Իր դիրքում վիրավոր չենք ունեցել, միայն մեկ զոհ՝ Վաչագանս: Իր հուղարկավորության օրը մեր տուն զինվորականներ եկան, նաև իր հրամանատարը: Մեզ պատմեցին, թե որքան լավ է ծառայել Վաչագանս ու ամուր պահել է իր դիրքը: Թշնամին ծանր տեխնիկայով կրակահերթ է բացել դիրքերի ուղղությամբ»: Տիկին Ռուզաննային տուժող են ճանաչել այն փաստով, որ խաղաղ պայմաններում որդին զոհվել է հակառակորդի կրակոցից: Նյութերն ուղարկվելու են Եվրոպական դատարան:

Ապրելու ուժի մասին: «Իր մասին անցյալով չեմ կարողանում խոսել: Ցավը սրտներումս՝ ապրում ենք մեր մյուս երեխաների՝ աղջկաս և փոքր տղայիս համար, նաև իրեն ապրեցնելու համար: Իր դպրոցում փառքի անկյուն ունի, ցավով եմ ասում, որ միայն դրան է արժանացել: Շատ շնորհալի էր, մարդամոտ, հրաշալի տղա էր: Այնքան կցանկանայի, որ գոնե իր դասարանն իր անունով կոչեին: Կամ գոնե մի խաչքար կանգնեցնեին իրեն հիշելու համար…

Խոսում էին հոգու գոյության մասին, չէի հավատում: Երբ Վաչիկիս տուն բերեցին, մեր տան հատակին գորգ կար փռված: Իրեն «ճանապարհելուց» հետո անկողնում չքնեցի, այդ գորգի վրա պառկեցի: Կարծես իրեն, իր տաք մարմինը գրկեի: Դա երազ չէր, իրականություն էր: Գրկեցի, կրծքիս սեղմեցի, կարծես կարոտս իրենից առա: Այն, ինչ անտանելի էր, դրանից հետո կարծես տանելի դարձավ: Կարծես Վաչագանս ինձ ուժ տվեց: Տղաս շատ աղավնիներ ուներ: Իրենից հետո երամ կազմեցին, օդ բարձրացան ու էլ չվերադարձան: Սպասում էի իրենց, բայց չեկան»:

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Վաչագան Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Լանջիկ գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Իսրայելական ուժերը գրավել են Սիրիայի տարածքի 600 քառակուսի կիլոմետրը. YPA Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները․ Իշխանյան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը որևէ քաղաքական իշխանություն չի կարող նսեմացնել․ Թաթոյան Ապագայում հասարակական տրանսպորտով առանց տոմսի երթևեկելու համար տուգանք կսահմանվի. Ավինյան Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով». քաղաքապետի հայր.Oragir.news Կրկին թանկացումներով են սպառնում ԵԱՏՄ ղեկավարներն ընդունել են մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագիր Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին Իսրայելի ռմբակոծությունների եւ օդային հարվածների հետեւանքով մոտ 40 պաղեստինցի է զոհվել․ ՏԱՍՍ Վեհափառի ուղերձի խոչընդոտներ ստեղծելը կապ ունի Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետ․ Վարդանյան Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նոր պաշտոն է ստացել Այ վախկոտ, հլը նույն բառամթերքով Նիկոլիդ հարբեցող ծաղրածու անվանած Ալիևին պատասխանի ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին Լուկաշենկոն ինչ է խոսել Պուտինի հետ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայի 600 քառ․ կմ տարածք Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը Աշխատավարձերի նվազման կամ չաճելու իրական վտանգ կա. «Մանթաշյանց» ԳՄ Ի՞նչ կարծիք ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի մասին․ Լրագրողը հիշեցնում է Խորհրդային Հայաստանում գրանցված է եղել ոչ թե 300 հազար, այլ 89 հազար ադրբեջանցի. Նարինե Կիրակոսյան Ու սրանք ուզում են Հայաստանն առաջնորդել դեպի Արևմուտք․ Արա Պողոսյան Լևոն Տեր-Պերոսյանը խաղ է անում Նիկոլ Փաշինյանի երազած պանդորայի արկղի հետ․ Հովհաննես Իշխանյան Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան Քուչակում բախվել են «Opel Vectra»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավոր Աննա Հակոբյանը և 27 տարի նրա  հետ ապրող տղամարդը շատ լավ հասկանում են, որ նրանց հետ շփվող մարդը դառնում է изгой
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am