Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հայկական Արցախը քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի․ Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հրապարակել է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նամակում, մասնավորապես, ասված է․
«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։
Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։
Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։
Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով։
Լևոն Տեր-Պետրոսյան
25.12.2024»։