10 տարի Երևանի աղբավայրի թեման ծամծմվել է, մի գերատեսչությունից՝ մյուս գերատեսչություն է անցել, պտտվել է և կանգնել նույն տեղում. Ավինյան
Վերջին յոթ տարիներին Երևանի աղբավայրի կառուցման հարցը անընդհատ քննարկվում էր այն տրամաբանությամբ, որ եղածը պետք է փակելու ու նոր աղբավայր կառուցելու տրամաբանությամբ, հիմնականում վարկային միջոցներով։ Վերամշակումը իրենից որոշակի ֆինանսական ներհոսքեր ենթադրում է, ես դրանում վստահ եմ, թեև վերջին 7 տարվա փորձը ցույց է տվել, որ առհասարակ այդ մեռյալ կետից մի միլիմետր անգամ չենք շարժվել։ Այս մասին Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Կարծում եմ, հիմնական աշխատանքի առաջին փուլի նպատակն է ստանալ երկփուլ մրցույթի տեխնիկական առաջադրանք, որը համայնք-մասնավոր գործընկերության տրամաբանությամբ մեզ տալու է նոր աղբի վերամշակման գործարանի փաթեթ, որը նաև իր մեջ ենթադրելու է Էրեբունու կամ Նուբարաշենի աղբավայրի ամբողջական կոնսերվացումը»,-ասաց նա՝ դիմելով քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրափի Հայկազյանին:
Նա առաջարկեց, որ եթե բանակցությունները շատ երկար տևեն միջազգային գործընկերների հետ, ապա քաղաքապետարանը ֆինանսավորի, որովհետև ժամանակից ավելի կարևոր գործոն չկա: «Տեսեք, 10 տարի այս աղբավայրի թեման ծամծմվել է, մի գերատեսչությունից՝ մյուս գերատեսչություն, եկել պտտվել է 10 տարի և կանգնել ենք նույն տեղում:
Լավ է, որ մենք ասեցինք՝ ժողովուրդ ջան եկեք այդ ծրագիրը ուղղակի փակենք, թե չէ ևս մի հինգ տարի այդպես էլի կշարունակեինք շրջանառել, բարելավել այդ փաթեթը, որ 15 տարի անցներ: Հիմա խնդրում եմ, որպեսզի այս նույն պրոցեսը տեղի չունենա, ֆինանսական միջոցներ, Երևանի քաղաքապետարանը նույնպես պատրաստ է տրամադրել:
Մենք ունենք մեկ նպատակ, առաջին նպատակը առաջին փուլով երկփուլ մրցույթի փաթեթը ստանալն է: Մեզ պետք են միջազգային ընկերություններ, որոնք կմասնակցեն այդ երկփուլ մրցույթին և ընտրել է պետք լավագույն առաջարկը։ Լավագույն առաջարկն է ամենաօպտիմալ առաջարկը, որը որ կկոնսերվացնի մեր Նուբարաշենի աղբավայրը և կկազմակերպի համեմատաբար ամենաարդյունավետ նոր վերամշակման գործարանի ծրագիրը»,- հայտարարեց Ավինյանը: