Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում. վարորդը դիմել է փախուստի
Դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ և փախուստ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:50ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին և նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի: Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիտոնի մահը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու, վրաերթ կատարած ավտոմեքենայի մակնիշը ճշտելու, վարորդի ինքնությունը պարզելու, նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: