Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը
Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին է։ Փաշինյանական մտքերն էլ լոկ մի բանի մասին են՝ ո՞նց անի, որ հերթական անգամ իշխանության ղեկը բաց չթողնի։
Այս նպատակին Էին ուղղված նախօրեին Արմենպրեսի հետ հարցազրույցի ժամանակ հնչած՝ նրա բոլոր խճողված և մանիպուլյատիվ մտքերը, որ «խաղաղություն» բառով էին սկսվում և ավարտվում։
Գիտի, որ ամեն մարդու համար պատերազմը մերժելի է և խաղաղությունը՝ ցանկալի․․․ Բայց․․․ Այստեղ կա մի բայց, որի մասին նա ոչ թե չի մտածում, այլ ուղղակի չի ցանկանում մտածել։
Ավելին, նա շարունակ վանում է իրենից այն միտքը, որ այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրի կնքմամբ ոչ մի կերպ չի կարող երաշխավորվել բաղձալի խաղաղությունը։
Իսկ խնդրո առարկա պայմանագրի կողմերը երկուսն են՝ ադրբեջան սարքովի պետությունը՝ հանձինս՝ 2020-ին ահաբեկչական ուժերի օգնությամբ պատերազմը շահած՝ բռնակալ ալիևի և Հայկական Արցախը միջազգային հանրության առջև ադրբեյջանի մաս համարելով այն կորստյան մատնած, հաղթանակած հայությանը պարտություն բերած անձի, որ արդեն վեց տարի զբաղեցնում է մեր պետության վարչապետի աթոռը․․․
Հիմա՝ ու՞մ պարզ չէ՞, որ քնած հայ սպային կացնահար սպանած ռամիլսաֆարովին հերոս հռչակած ալիևը և Հայաստանի ու հայ ազգի հանդեպ նրա քաղաքականությունը խաղաղասիրական չէ, այլ՝ թշնամական․․․
Ավելին, նրան պետք չէ այդպիսի պայմանագրի ստորագրումը, որն, ըստ էության, լրացուցիչ բեռ է լինելու իր համար։
Իրականում, փաշինյանական իշխանության ժամանակը բոլոր առումներով սպառված է։ Իր խորհրդատուները ճիշտ կլինի հիշեցնեն նրան հայտնի կանոնը՝ «ավելի լավ է մեկ ժամ շուտ հեռանալ, քան՝ 5 րոպե ուշ»։ Թեպետ իր դեպքը բոլորովին այլ է, ուշն այն խոսքը չէ․․․ Ցավոք, մինչև վերջ աթոռից կառչած լինելու մտայնությունն է իշխում քպական առաջնորդի մոտ, թեպետ շուտով այլևս հնարավոր չի լինելու զսպել ներիշխանական, ներկուսակցական կրքերը․․․
Ի դեպ, մեր հնարավորությունների մասին․ իրականում այսօր մենք այլևս իրավունք չունենք հղում անել այս կամ այն գերտերության կամ միջազգային կառույցի՝ մեր հանդեպ անարդար գնահատականին։
Այն, որ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնում է մեկը, ով Արցախը հայտարարեց ադրբեջանի մաս, մեզ զրկում է այդ իրավունքից։ Ավելին, ՀՀ ղեկավարը մարդ է, որը ո՛չ թե հավասարության նշան է դնում Հայաստանի և թուրքադրբեջանական տանդեմի միջև, այլև շատ հստակ գիծ է տանում՝ հօգուտ տանդեմի։ Հիմա կրկին ասում է՝ պիտի այնպես անենք, որ լավ լինի և՛ Հայաստանի համար, և՛ ադրբեջանի։ Միայն թե մենք արդեն տեսել ենք, թե ինչ արեց նա Արցախի համար, որը ժամանակին իր առաջ քաշած և՛-և՛-ի երրորդ կողմն էր․․․
Եվ գիտեք, ո՞րն է ամենազավեշտալին՝ Հայաստան-ադրբեջան՝ ալիևին ձեռնտու՝ երրորդ ուժի բացառմամբ հարաբերություններ վարելու պահանջը փաշինյանական ձևակերպմամբ վերածվել է իբր ի՛ր ցանկության և առաջարկության։ Իրականում՝ հակառակ կողմն ամեն բան անում է, որ հայությունն անարժանապատիվ վիճակում գոյություն քարշ տա, որ այլ ուղի, քան՝ թուրքադրբեջանական տանդեմն է, չլինի և չմնա նրա համար։ Քպական այս իշխանությունը գտածո է նրանց համար և ցանկանում են ի շահ տանդեմի՝ առավելագույնը ստանալ․․․
Իսկ ի՞նչ է անում և ի՞նչ է ասում փաշինյանը։ Նա, պարզորոշ ասում է, որ պատրաստ է ցանկացած զիջման։ Նախօրեին իր հարցազրույցով կրկին հաստատեց, որ ցանկացած դեպքում տանդեմի համար լավ է լինելու։ Բնականաբար, վատն էլ, վատթարն էլ՝ Հայաստանի բաժինն է։ Սահմանադրություն փոխե՞լ է պետք, դրան էլ է պատրաստ նա, միայն թե՝ մնա իշխանության։ Ասում է՝ Եթե Հայաստանը ստիպված լինի ընտրություն կատարել խաղաղության պայմանագրի եւ Սահմանադրության որոշ դրույթների միջեւ, ապա ինքը կընտրի խաղաղության պայմանագիրը։ ՈՒրիշ ի՞նչ է ուզում եղբայր ալիևը։ Դե իհարկե, պարտվածը կբավարարի նաև նրա մյուս ցանկությունը՝ կողմ արտահայտվելով Մինսկի խմբի լուծարմանը․․․
Հարց է ծագում՝ կա՞ այլընտրանք։
Իհարկե՝ կա։ Այլընտրանքը մեկն է և ժամանակին տերպետրոսյանական իշխանությունն արեց իր կարևոր քայլը՝ երբ ընտրության առջև էր։ Ողջ իշխանությամբ՝ օրենսդիր, գործադիր․․․
Ինչ խոսք, այս դեպքում, հիպոթետիկ է, բայց․․․
Աղբյուր` Փաստինֆո