Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է առաջադրվել
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վանուհի Վանիկի Ասատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի սպասարկման կենտրոնի գլխավոր մասնագետի պաշտոնը, այդկերպ՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումների ընդունման գործընթացին մասնակցելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների կրկնօրինակների, տեղեկանքների և այլ փաստաթղթերի թղթային կրիչի վրա տրամադրման աշխատանքներ իրականացնելու լիազորություններ, կաշառք տվողի օգտին իր ծառայողական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու համար պահանջել և անձամբ ստացել է դրամական միջոց:
Այսպես.
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրի բնակչուհի Ստելիկ Ասցատուրի Մարտիրոսյանը ծննդյան վկայականը վերականգնելու և այն թղթային կրիչի վրա ստանալու նպատակով դիմել է նույն բնակավայրի վարչական ղեկավար Գայանե Սեյրանի Մարկոսյանին: Վերջինն իր հերթին այդ հարցով դիմել է ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի սպասարկման կենտրոնի գլխավոր մասնագետ Վանուհի Ասատրյանին, ով պարզաբանել է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև 5.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը վճարելուց հետո Վանուհի Ասատրյանը պարզաբանել է, որ գործընթացը տևելու է մոտ 2 ամիս, ուստի Ստելիկ Մարտիրոսյանը որոշել է այդ ընթացքում ՌԴ մեկնել:
Որոշ ժամանակ անց՝ քննությամբ դեռևս չպարզված օրը, Ստելիկ Մարտիրոսյանին զանգահարել է իր որդին՝ Սանվել Ռաֆիկի Մարտիրոսյանը և հայտնել, որ Գայանե Մարկոսյանից տեղեկացել է, որ Վանուհի Ասատրյանը ծննդյան վկայականը տրամադրելու համար 50.000 ՀՀ դրամ է պահանջել՝ հայտնելով, որ գումարը չտալու դեպքում վկայականը չի տրամադրվի:
Քնար Մանուկյան