ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է Պետական վերահսկողական ծառայությանը
Կառավարության հավանությանն է արժանացել ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը
Այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել մշակված և շրջանառության մեջ դրված ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը:
Նախագծի մշակումը պայմանավորված է եղել գործող օրենքի գործունեության ավելի քան 6 տարիների ընթացքում ի հայտ եկած մի շարք ընթացակարգային խնդիրների վերացման, վերահսկողական գործիքակազմերի հստակեցման և Ծառայության կայացման ընթացիկ փուլում առաջադրված խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությամբ:
Ընդհանուր առմամբ՝ նախատեսված նոր իրավակարգավորումներով կստեղծվեն Ծառայության գործունեության արդյունքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն իրավախախտումների դեպքերի արձանագրման առավել լայն հնարավորություններ: Կհստակեցվեն Ծառայության կողմից ՀՀ վարչապետին վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության նկատմամբ վերահսկողական գործընթացները՝ հնարավոր չարաշահումների և իրավախախտումների բացահայտման, կանխարգելման և արձանագրված փաստերի հետագա ընթացքը լուծելու նպատակով:
Նախագծով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթը վերապահվելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը: Անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների արդյունքում ՀՀ ֆինանսների նախարարության տվյալ գործառույթն իրականացնող ստորաբաժանումը դուրս է բերվելու նախարարության կազմից և գործելու է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կազմում:
Գործող օրենքով սահմանված վերահսկողական լիազորությունները կարիք ունեին առավել հստակեցման, ինչն արդեն նոր օրենքի նախագծում կատարելագործվել է, ինչպես նաև հստակեցվել են Ծառայության առանձին իրավասությունների սահմանումները: Բացի այդ, գործող օրենքում առկա են մի շարք ընդհանրական ձևակերպումներ, որոնք գործնականում կարող են տարընթերցումների տեղիք տալ: Նախագծով սահմանված որոշ հասկացություններ և բնորոշումներ հստակեցվել են, ինչպես նաև լրացուցիչ պարզաբանվել են Ծառայության իրավասությունների սահմանումները: Ծառայության վերահսկողական լիազորությունների՝ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման ընթացակարգերը բերվել են ավելի համընդհանուր կիրարկման դաշտ:
Վերահսկողական լիազորությունների իրականացման ընթացքում, Ծառայության գործունեությանը խոչընդոտներ ստեղծելու հնարավոր դեպքերը կանխելու և հակազդելու նպատակով, նախագծով սահմանվել են օրենսդրական երաշխիքներ՝ այդ սուբյեկտների համար նախատեսելով վարչական պատասխանատվություն:
Ծառայության լիազորությունների շրջանակներում վերահսկողական լրացուցիչ գործիքակազմեր են նախատեսվել՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրված սուբսիդիաների, սուբվենցիաների կամ դոտացիաների կառավարման օրինականության վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Բացի այդ, պետական կառավարման համակարգի մարմիններում և ենթակա հիմնարկներում գնումների գործընթացները կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակներում, մոնիթորինգի և մշտադիտարկման տիրույթում են պահվելու նաև տեղական ինքնակառավարման մարմիններում և համայնքների ենթակայության հիմնարկներում իրականացվող հանրային գնումները: Նախագծով նախատեսվել են նաև Ծառայության ղեկավարի կողմից ընդունվող մի շարք հրամանների ընդունման իրավական հիմքերը, կանոնակարգվել են առանձին դեպքերում որոշակի գաղտնիք պարունակող տվյալների ստացման և մշակման ընթացակարգերը:
««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը Կառավարության հաստատումից հետո ներկայացվելու է Ազգային Ժողովի գլխադասային հանձնաժողով՝ հավանության արժանանալուց հետո ներառվելով խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ:
ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն