Ավստրալացի պատգամավորները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Բակո Սակայանին և Դավիթ Իշխանյանին
Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։
«Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը պայմանավորված է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես՝ Ջարեդ Գենսերի զեկույցներով: Վերջինս ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին հայտնել է խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերի մասին», - Ջաֆարովին ուղղված նամակում գրել է Սուկկարը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանը համայնքի խորին երախտագիտությունն է հայտնել պատգամավոր Մայքլ Սուկկարին Բակո Սահակյանի համար քաղաքական հովանավոր լինելու իր հանձնառության համար՝ ընդգծելով արդարության համար պայքարում նման քարոզչության կարևորությունը:
Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր Փոլ Ֆլեթչերը նույն պահանջով հանդես էր եկել օկուպացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի վերաբերյալ: Նա ևս նամակով դիմել էր Ադրբեջանի դեսպանատանը՝ կոչ անելով անհամապաղ ազատ արձակել Իշխանյանին: Վագիֆ Ջաֆարովին ուղղված նամակում Ֆլեթչերը կոչ է արել կանոնավոր կերպով տեղեկացնել Իշխանյանի հոգեկան և ֆիզիակական առողջական վիճակի վերաբերյալ: