Սիրիան սպառնալիք չէ աշխարհի համար. Շարաայի հարցազրույցը BBC-ին
Սիրիայի դե ֆակտո ղեկավար Ահմեդ աշ Շարաան (Աբու Մուհամեդ ալ Ջուլանի) հայտարարել է, որ երկիրն արդեն ուժասպառ է եղել պատերազմից։ Նա շեշտել է, որ Սիրիան սպառնալիք չի հանդիսանում հարևան երկրների և Արևմուտքի համար։
Շարաան Դամասկոսում հարցազրույց է տվել BBC-ին՝ կոչ անելով երկրներին չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։
«Այժմ, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, պատժամիջոցները պետք է չեղարկվեն, քանի որ դրանք ուղղված էին հին ռեժիմի դեմ։ Զոհի և բռնաճնշողի հետ չպետք է նույն կերպ վարվել», – ասել է նա։
Շարաան իր «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (ՀԹՇ) խմբավորման հետ գլխավորել է զինված ընդդիմությունը, որոնք Սիրիայում մի քանի օրվա ընթացքում տապալեցին իշխանությունը և անցումային կառավարություն ստեղծեցին՝ ստիպելով նախագահ Բաշար ալ-Ասադին փախչել երկրից։ Նա նշել է, որ ՀԹՇ-ն պետք է հեռացվի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակներից, որոնցում ընդգրկվել է մի շարք երկրների և կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, Ռուսաստանի, ՄԱԿ-ի։
Սիրիայում իշխանության եկած ընդդիմության ղեկավարը նաև հերքել է այն հաղորդումները, թե ցանկանում է Սիրիան վերածել Աֆղանստանի։ Շարաան նշել է, որ երկու երկրները շատ տարբեր են, ունեն տարբեր ավանդույթներ։ Նա ընդգծել է, որ հավատում է կանանց կրթության իրավունքին։
«Մենք Իդլիբում համալսարաններ ունենք ավելի քան ութ տարի, – ասել է Շարաան՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիս-արևմտյան նահանգը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ 2011 թվականից ի վեր:
– Կարծում եմ՝ բուհերում կանանց բաժինը 60%-ից ավելի է»։Իսկ այն հարցին՝ արդյոք կթույլատրվի ալկոհոլ օգտագործելը, Շարաան ասել է. «Շատ բաներ կան, որոնց մասին ես ուղղակի իրավունք չունեմ խոսելու, քանի որ դրանք իրավական խնդիրներ են»:Նա հավելել է, որ կստեղծվի «սիրիական իրավական փորձագետների հանձնաժողով՝ սահմանադրություն գրելու համար:
«Նրանք կորոշեն: Եվ ցանկացած ղեկավար կամ նախագահ կհետևի օրենքին», – ասել է նա։
BBC-ն նշում է, որ Շարաան հանգիստ է եղել հարցազրույցի ժամանակ, կրել է քաղաքացիական հագուստ և փորձել է վստահություն ներշնչել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ ապստամբ խմբավորումը դեռ չի հրաժարվել իր ծայրահեղական անցյալից։ Ըստ լրատվամիջոցի՝ բազմաթիվ սիրիացիներ չեն հավատում նրան։
Օտարերկրյա մի քանի երկրների ներկայացուցիչներ արդեն շփումներ են ունեցել Սիրիայի անցումային կառավարության հետ։