ՀՖՖ նախագահը պետք է հրաժարականի դիմում գրի, դրան հասնելու համար ռադիկալ քայլերի կդիմենք. ֆան-ակումբների անդամներ
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է ասի՝ ժողովո՛ւրդ, ընդունում եմ բոլոր ձախողումները և հրաժարականի դիմում գրի, միայն դրանից հետո կհանդիպենք նրա հետ. այս մասին ֆուտբոլի ֆան ակումբների անդամների ասուլիսին հայտարարեց «ՖԱՖ» ֆան-ակումբի հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանոյանը:
«Նա պետք է ասի՝ ես ստորագրում եմ իմ հրաժարականի դիմումը, եկեք քննարկենք բոլոր հարցերը և ժամկետը միասին դնենք, դա ընդունելի կլինի մեզ համար հանդիպման համար: Հանդիպել, քննարկել այդ հարցի շուրջ ընդունելի է, բայց եթե լինելու է փափուկ բարձ 2025-ին, ունենք այս անելիքը, 2026-ին, չգիտեմ՝ մյուս անելիքը և ընտրություններն է մոտիկանում, եկեք սպասենք, ո՛չ, մենք չենք պատրաստվում սպասել»,- ասաց նա:
Ջանջոյանը նշեց, որ իրենց գործիքակազմն անսպառ է։ «Մենք հայտարարել ենք հենց առաջին օրը պահանջում ենք նրա հրաժարականը, ամեն պահի պահանջում ենք, ամեն հնարավոր ֆուտբոլային միջոցառմանը, որ մենք մասնակցում ենք, մենք այդ մասին հայտարարում ենք ու գնալու ենք մինչև այն օրը, երբ կլինի այդ դիմումը»,- հայտարարեց նա:
Մխիթարյանի մասով ես կարող եմ իմ կարծիքը ասել, Ինչպես գիտենք, Հենրիխ Մխիթարյանն այս ֆեդերացիայի ղեկավարության կազմի հետ կազմի մասնակցությամբ եկել է հավաքական, մասնակցել է որոշ խաղերի։ Այստեղ այն հարցն է գալիս, մենք ինքներս շատ ենք հանդիպել Արմեն Մելիքբեկյանի և մնացած ՀՖՖ ղեկավարությանն հետ, ասել, կապնվեք, զանգեք այդ ֆուտբոլիստին, խնդիր է առաջացել, կապի դուրս եկեք, կոմունիկացիա ձեռք բերեք նրա հետ, ամենահասարակ հարցերի շուրջ անընդհատ կապով եղեք, ոչ, մենք պրոֆեսիոնալ ենք, դա կարող է անել Հայաստանի հավաքականի մարզիչը։
«Կարմիր արծիվներ» ֆան շարժման անդամներից Անդրանիկ Դալդումյանը ևս նշեց, որ իրենց գործիքակազմն անսպառ է, անգամ մինչև ավելի ռադիկալ քայլեր։
«Օրինակ՝ եթե մենք Հայաստանի առաջնության խաղերի ընթացքում մի քանի րոպեով էինք կանգնացնում խաղերը, որպեսզի հետագայում խաղը շարունակվեր, այ օրինակ, մի օրինակը նշեմ, այդ խաղերը ընդհանրապես չկայացնելու, օրինակ, ճիշտ է, չենք ուզում, որ դա հայկական ֆուտբոլում լինի, ուզում ենք հարցերը ավելի շուտ լուծվեն, բայց ամենառադիկալ քայլերից մեկն էլ դա կլինի»,- ասաց նա: