Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է․ դատախազությունն ազատազրկում է պահանջում, Թովմասյանը՝ արդարացում
ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել է։ Դատախազությունը պահանջում է բեկանել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին վճիռը և դատապարտել նրան ազատազրկման՝ 7 տարի ժամկետով, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպաններն արդարացում են պահանջում։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ բողոքները կքննվեն Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Մեսրոպ Մակյանի և Ժենյա Մելիքսեթյանի։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է եղել 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել էր՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, 2024թ․ սեպտեմբերի 20-ին հրապարակել է Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով վերջինիս մեղսագրվող արարքում և ազատելով քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով, ինչը ոչ արդարացնող հիմք է համարվում։
Նշենք, որ մեղադրող կողմը պահանջում էր 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին, պաշտպանության կողմը՝ արդարացնել նրան։ Պաշտպանության կողմն ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքին, որ Թովմասյանի նկատմամբ փաստացի հետապնդում է իրականացվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման։ Թովմասյանն ինքը բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ հետապնդումն իրականացվել է քաղաքական դրդապատճառներով, ինչի նպատակը եղել է իրեն՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարակն տալը պարտադրելը։
Ի դեպ, Հրայր Թովմասյանի գործով դատավճռի հրապարակումից հետո դատավոր Տաթևիկ Գրիգորյանն առաջխաղացում է ունեցել՝ նշանակվելով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Աղբյուր` Փաստինֆո