Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու այնտեղից գողացել են դրամապահոցը
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, գողություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Մասիս քաղաքի Դպրոցականների 6/4 հասցեի խանութի պատուհանը կոտրել են և այնտեղից գողություն են կատարել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պետը, տեղակալը և ավագ տեսուչը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ դեկտեմբերին 14-ի՝ ժամը 22:00-ից մինչև այսօր ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Ալեքսան Ք.-ին պատկանող՝ նշված հասցեում գտնվող դեղատանը կից բջջային հեռախոսների նորոգման կետի պատուհանը, նաև կոտրել ապակին, ապա մտել ներս, կոտրել «Իդրամ» վճարային տերմինալի դրամապահոցը և այն տարել իրենց հետ, որում եղել է գումար։
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուբեն Արազյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել է նաև փորձաքրեագետը։
Դեպքի փաստով քննչական վարչությունում «գողություն» հատկանիշներով նախաձեռնվեկ է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են դեպքի հանգամանքները և ինչքան գումար է եղել դրամապահոցում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված վայրից սա 2-րդ դեպքն է, որ գողություն է կատարվել, սակայն նախորդ դեպքը, ըստ դեպքի վայրում հավաքված բնակիչների, մինչ այժմ չի բացահայտվել։