Կյանքից հեռացել է Նոնա Պողոսյանը
Այսօր կյանքից հեռացել է բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը։
Հայաստանի գրողների միությունից հայտնում են, որ Նոնա Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17։20-ից, «Լյուար» սգո սրահում(Շահումյանի գերեզմանատան ճանապարհին): Հրաժեշտը՝ նույն սրահից, դեկտեմբերի 17-ին՝ ժամը 13։00-ին։
Նոնա Պողոսյանը ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում։ 1969 թվականից տեղափոխվել է բնակության Արագածոտնի մարզի Պռոշյան ավան։ 1996 թվականից ապրում էր Երևանում։ 1979 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Առաջին անգամ հրատարակվել է «Պիոներ կանչ» թերթում՝ ներկայացնելով մանկական բանաստեղծություններ ու պատմվածքներ։ 1984 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` էլեկտրոնիկայի ինժեներ որակավորմամբ։ 1985-1988 թվականներին աշխատել է Աշտարակի ռադիոֆիզիկայի ինստիտուտի հատուկ նախագծային բյուրոյում՝ որպես էլեկտրոնիկայի ինժեներ։ 1987 թվականին ավարտել է Մոսկվայի օտար լեզուների պետական դասընթացի գերմաներենի բաժինը։ 1995 թվականին ավարտել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսվերի Վերիֆիկացիոն կենտրոնի գերմաներեն լեզվի 6-ամսյա դասընթացը, 2017 թվականին՝ Միացյալ Թագավորության Պաշտպանական ակադեմիայի լեզուների և մշակույթի պաշտպանական կենտրոնի անգլերեն լեզվի բազային դասընթացը։
2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։
1993 թվականից ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում, Հայաստանի զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ է։