Ինչու՞ ռուսական մի գյուղ չի ճանաչում Արցախը ու ռուս պատգամավորները չեն այցելում Արցախ
Միացյալ Նահանգների Ինդիանա նահանգը դարձավ ԱՄՆ-ի 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման և Միսիսիպին են, որ դեռևս պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մյուս բոլոր 48 նահանգները՝ նահանգապետի կամ նահանգային Սենատի մակարդակով ճանաչել են Մեծ եղեռնը որպես ցեղասպանություն: Նահանգապետ Էրիք Հոլքոմբը նախօրեին հայտարարություն է տարածել, որով հիշատակել է, որ Օսմանյան Թուրքիան ծրագրել և իրականացրել է երեք միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների ցեղասպանությունը: Հոլքոմբի խոսքով՝ այդ հանցագործությունը դեռ արդարություն է պահանջում: Ինդիանայի կառավարության կողմից ընդունված հայտարարությունում նշված է անցյալ և ընթացիկ դարերում իրար հաջորդած ցեղասպանությունների մասին` Հայոց ցեղասպանությունից մինչև Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, եզդիների ու այլ փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած ցեղասպանությունը։ «Ճանաչելով ու մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոսթը և շարունակվող ցեղասպանությունները, մենք օգնում ենք պաշտպանել պատմական հիշողությունը, որպեսզի այլևս չկրկնվեն նման վայրագությունները», - ընդգծել է Ինդիանայի նահանգապետը։ Բացի Հայոց ցեղասպանության ճանաչումից, Էրիկ Հոլքոմբը նոյեմբերի ընթացիկ շաբաթը հայտարարել է հայաճանաչության շաբաթ: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, Ինդիանայի հայկական համայնքի ներկայացուցիչները ողջունել են նահանգապետի քայլը՝ նշելով, որ այդ հայտարարությունը հիշեցում է ոչ միայն Ինդիանայի քաղաքացիների, այլ նաև Թուրքիայի կառավարության համար, որն ավելի քան մեկ դար ժխտում է ցեղասպանությունը ու փորձում է «պատանդ պահել ճշմարտությունը»։ «Իսկապես, շատ երկար սպասված էր Ինդիանայի համար այս քայլը», - Ինդիանայում Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Սեդա Արզումանյանը տեղի հայ համայնքի կողմից ողջունում է նահանգապետի կողմից ցեղասպանության ճանաչման որոշումը, - «Ինդիանան ԱՄՆ-ի այն յուրահատուկ նահանգներից է եղել, որը մեծ օգնություն է ցուցաբերել հայերին Ցեղասպանության տարիներին և օգնել է շատ հայերի տեղափոխվել և տեղավորվել ԱՄՆ-ում»: Հոլքոմբի հղած հռչակագրում ընդգծվում է, որ 1915-1923թթ. Օսմանյան կայսրության տարածքում ծրագրավորված և իրականացված ցեղասպանության արդյունքում զոհվել է մեկ և կես միլիոն հայ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ինդիանայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ դեր են խաղացել նահանգի փոքրաթիվ, ընդամենը հազարի հասնող, բայց շատ ակտիվ հայ համայնքի ջանքերը, նշում է Սեդա Արզումանյանը. «Իսկապես, դա տարիների աշխատանք էր և այսօր մեր աշխատանքն ի վերջո պսակվեց հաջողությամբ»: Առաջիկայում կցուցադրվի նաև «Խոստումը» ֆիլմը: Այսպիսով` ավելի քան կես միլիոն հայազգի բնակչություն ունեցող և հայկական երկրորդ ամենամեծ գաղթօջախը համարվող Ամերիկայի 50 նահանգներից 48-ը՝ բացի Ալաբամայից և Միսիսիպիից, ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը։ Անցած դարի 60-ական թվականներից ի վեր Ամերիկայի հայ համայնքը պայքարում է, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ճանաչի մեկուկես միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն և դատապարտի ոճիրը։ Իհարկե, Սպիտակ տան ղեկավարները հիմնականում խուսափում են ցեղասպանություն եզրը գործածելուց և իրենց աջակցությունն են առաջարկում հայերի և թուրքերի հաշտեցման գործում։ ԱՄՆ 44-րդ և 45-րդ նախագահներ Բարաք Օբաման ու Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իրենց ուղերձներում օգտագործել են հայերեն Մեծ Եղեռն բառակապակցությունը՝ նույնպես կարևորելով հայերի և թուրքերի հաշտեցումը: Սա է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը: Բայց չնայած պաշտոնական դիրքորոշմանը՝ ԱՄՆ-ի 48 նահանգ ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Ընդ որում, ԱՄՆ-ի վարչակազմն ունի հստակ դիրքորոշում նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ավելին՝ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է և նպաստում է խնդրի խաղաղ կարգավորմանը՝ որպես չեզոք միջնորդ: Բայց դա չի խանգարում, որ ԱՄՆ-ի առանձին նահանգներ ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը: Ու ճանաչման արշավը սկսել է վաղուց, գործընթացը շարունակվում է: ԱՄՆ-ի 8 նահանգեր ճանաչել են Արցախի անկախությունը՝ չնայած պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմանը: Սեպտեմբերին ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունեց բանաձև, որով կոչ արեց Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում: Ուրեմն, ի դեմս Միացյալ Նահանգների՝ Հայաստանն ու Արցախն ունեն բարեկամներ: Սա միանշանակ է: Եթե այս ամենին էլ գումարենք այն օգնությունը՝ միլիարդի հասնող, որը Հայաստանի Անկախացումից ի վեր ԱՄՆ-ը տրամադրել է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, ապա խոսքերն ավելորդ են, ինչպես ասում են՝ գործն է ակնհայտ: Իսկ Ռուսաստանի որևէ քաղաք, կամ մի փոքրիկ գյուղ ինչու՞ չի ճանաչում Արցախի անկախությունը... Հայկական առաջին ամենամեծ գաղթօջախում՝ Ռուսաստանում, մենք բարեկամ չունե՞նք... Իսկ ռուս որևէ պաշտոնյան, կամ պատգամավոր՝ ինչու՞ չի այցելում Արցախ, ինչպես դա անում են ԱՄՆ-ի կոնգրեսականներն ու եվրոպացի պատգամավորները... Պատասխանը պարզ է, որովհետև Կրեմլն արգելել է. Ալիևին չի կարելի զայրացնել: Մետաքսյա Շալունց