Շիրակի մարզպետի ազատման հարցը կառավարության օրակարգում չի եղել. Փաշինյանը նրան ազատված է համարել՝ առանց որոշման
ՀՀ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի՝ աշխատանքից ազատվելու մասին, մինչդեռ նման հարց կառավարության օրակարգում ընդգրկված չի եղել։
Ավելին, Մ.Մուրադյանն էլ նախքան կառավարության խենք մտնելը չի իմացել, որ ինքը ազատման դիմում է գրել կամ պետք է գրի։
Նախքան կառավարության շենք մտնելը՝ Մուրադյանը վստահեցրել էր, թե իր պաշտոնանկության մասին խոսակցություն չկա։ «Ոչ, նման խոսակցություն չկա։ Եթե նման բան լինի, ես միանշանակ ձեզ տեղյակ կպահեմ, այս պահին որևիցե տեղեկատվության չեմ տիրապետում»,-ասել էր նա։
Ասել է թե՝ նա կառավարության շենք էր մտել՝ առանց դիմում գրելու, բայց դուրս եկել դիմում գրած։
«Փաստինֆո»-ն ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչու Շիրակի մարզպետի աշխատանքից ազատվելու հարցն ընդգրկված չի եղել կառավարության նիստի օրակարգում, ինչը շրջանցելով Փաշինյանը խոսեց այդ մասին։ Ավելին, առանց կառավարության որոշման նրան արդեն համարեց պաշտոնից ազատված ու հրաժեշտ տվեց։
«Նիստում հայտարարվեց, որ դիմում է գրվել հիմա, եթե անգամ օրակարգում չկար, գրավոր քվեարկությամբ էլ կարող է ազատվել մարզպետը։ Նկատի ունեմ, որ կառավարության որոշումների գրավոր ընթացակարգ կա» , - ասաց Խաչատրյանը։ Մեր նկատառմանը, որ կարծես մարզպետի համար անակնկալ էր, որ դիմում է գրել՝ Խաչատրյանն ասաց, որ ոչ մի բան այդ մասին չի կարող ասել։
Աղբյուր` Փաստինֆո