Հռոմի պապը Սիրիայում կրոնների միջև փոխադարձ հարգանքի կոչ է արել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ամենշաբաթյա հրապարակային ունկնդրության ժամանակ աղոթել է, որ Սիրիայում մարդիկ ապրեն խաղաղության և անվտանգության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։
«Ես աղոթում եմ, որ սիրիացի ժողովուրդն ապրի խաղաղության և անվտանգության մեջ իր սիրելի հողում, և որ տարբեր կրոնները միասին քայլեն բարեկամությամբ և փոխադարձ հարգանքով՝ հանուն այդ ազգի բարօրության, որը տուժել է այսքան տարիների պատերազմից», – ասել է նա:
«Ես հուսով եմ, որ կգտնվի քաղաքական լուծում, որն առանց հետագա հակամարտությունների և պառակտումների ամենայն պատասխանատվությամբ կնպաստի երկրի կայունությանը և միասնությանը», – հավելել է Հռոմի պապը։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը: Այնուհետև հայտարարվեց, որ երկրում ձևավորվում է անցումային կառավարություն, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Մուհամեդ ալ-Բաշիրը։