Անգամ հայհոյանքներ են գրված եղել. Գյումրին մերժեց Փաշինյանին ու ՔՊ-ին․ Mediahub
Գյումրիում նախնական ընտրապայքարն ավարտված է: Փրայմերիզը հասավ վերջնագծին, և դեկտեմբերի 10-ին ամփոփվեցին եռօրյա ընտրության արդյունքները:
Ինչպես հայտնի է՝ ընտրություններին ինքնառաջադրվել էր 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: Եվ քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում ստացած 253 քվեով Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար դարձավ ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն, ներկա պահին անկուսակցական Սարիկ Մինասյանը: Նա նախկինում եղել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Արդյո՞ք գոհացուցիչ են այս արդյունքները, և սրանից կարելի՞ է ենթադրել, որ Գյումրին մերժում է Փաշինյանին ու «ՔՊ»-ին։ Հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Գյումրու ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանի հետ։
«Գյումրիում փրայմերիզ ասվածը ձևական բնույթ ուներ։ Եթե միջազգային օրինակին ենք հետևում, ապա նմանատիպ քիչ մասնակցություն չի լինում։ Գյումրի քաղաքում ընտրողների թիվը 109 հազար 453 է, իսկ փրայմերիզին մասնակցել է 1050 քաղաքացի, այսինքն՝ 1%-ը։ Ու այս դեպքում էլ մոտ 50 քվեաթերթիկ չի հաշվվել անվավեր լինելու, կամ ոչ պատշաճ տեսք ունենալու պատճառով։ Որքանով ես գիտեմ՝ անգամ հայհոյանքներ են եղել գրված այդ քվեաթերթիկների վրա»,- նկատեց նա։
Միրզոյանի խոսքով՝ գյումրեցիների կարծիքը հաշվի չի առնվել, ու պարզ է՝ ՔՊ-ն այլևս վարկանիշ չունի Գյումրիում։
«Բացի այդ, փրայմերիզների ժամանակ հաշվի են առնվում լրագրողների, մտավորականների, մշակույթի գործիչների կարծիքները։ Իսկ այստեղ նման բան չկա։ Գյումրեցիների մեկնաբանությունները եթե տեսնեք, ապա նրանք ասում են՝ իրենց կարծիքը որևէ մեկը չի հարցրել։ Ուստի հիմա միակ ճանապարհը արտահերթ ընտրությունների գնալն է»,- նշեց մեր զրուցակիցը։
Նարեկ Միրզոյանը տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների համաձայն՝ Գյումրիում արտահերթ ընտրություններ պիտի որ անցկացվեն փետրվար-մարտ ամիսներին։
Նարե Գնունի