«Արմավիր» ԲԿ-ն հայտնել է արտառոց դեպքի մանրամասները
«Արմավիր» ԲԿ-ն պարզաբանում է տարածել իրենց մոտ տեղի ունեցած արտառոց դեպքից.
«Սույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 07:00 Արմավիրի ԲԿ ծննդատուն է դիմել 2004թ․-ին ծնված Լ. Ա-ն։
Բուժառուի մոտ ախտորոշվել է վաղաժամ ծննդաբերություն բարդացումով, ինչի կապակցությամբ շտապ կարգով կատարվել է ծննդալուծում՝ կեսարյան հատմամբ, փրկելով ծննդկանի և նորածնի կյանքը։
Քանի որ ծննդաբերությունը եղել է վաղաժամ, նորածինը ծնվել է անհաս՝ 2,1 կգ քաշով և 45 սմ հասակով։
Նորածնի ծնողները և՛ նեոնատոլոգի, և՛ մանկաբարձի, և՛ գինեկոլոգի կողմից տեղեկացվել են, որ նորածինը աղջիկ է, ինչպես նաև ծննդկանին ցույց են տվել երեխային։
Նորածնի սեռը արտացոլված է նաև բոլոր փաստաթղթերում՝ պատմագրի գրառումներում։
Ծննդկանի հարազատները տեղեկացվել են նաև ծննդկանի վիճակի, նորածնի քաշի, հասակի, անհասության մասին։ Նրանց հայտնել են նաև, որ անհրաժեշտություն կա նորածնին տեղափոխել Երևանյան կլինիկա և Երևանից հրավիրվել է ռեանիմոբիլ նորածնին տեղափեխելու համար։
Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 3-ին, նորածնի տատիկը մոտենալով օպերատորին տեղեկացնում է, որ ցանկանում են նորածնին անվանակոչել Հովհաննես և իր իսկ ձեռագրով գրանցամատյանում գրում է նորածնի անուն ու ազգանունը, իսկ օպերատորը անփութորեն, առանց ստուգելու երեխայի սեռը՝ անունը տեսնելով, Արմեդ համակարգում երեխայի սեռը նշում է արական։
Հաշվի առնելով թույլ տրված անփությունը, մեր թիմը կփորձի հնարավորինս արագ շտկել այն»։
Հիշեցնենք՝ SHAMSHYAN.com-ը երեկ գրել էր, որ դեկտեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այդ օրը «Մուրացան»-ի «Նորածնային և մանկական վերակենդանացման» կլինիկա է տեղափոխվել անհաս նորածին իգական սեռի, արհեստական շնչառության սարքին միացված, ծանր վիճակում։
Կից տրվել է տեղափոխման էպիկրիզ՝ նորածնի աղջիկ լինելու փաստը ֆիքսված։Դեկտեմբերի 6-ին ծնողները «Մուրացան» ծննդատուն են ներկայացրել ծննդյան վկայական, որտեղ ֆիքսված է եղել երեխայի արական սեռի լինելու փաստը և նրան անվանակոչել են Հովհաննես, այն դեպքում, երբ երեխան իգական սեռի է։