Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում ամիսներ առաջ մահացած տղամարդու մահվան պատճառը եղել է ֆիզիկական միջամտությունը. կա ձերբակալված
Հուլիսի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած 45-ամյա Գառնիկ Ա․-ի մահանալու փաստի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հոկտեմբերի 15-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Գառնիկ Ա․-ն մահացել է ֆիզիկական միջամտության հետևանքով, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, վարույթային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Գառնիկ Ա․-ին հունիսի 29-ին Բագրատունյաց փողոցի 38 հասցեի մոտ հարվածներ հասցրել և կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 43-ամյա Արման Ա․-ն:
Նոյեմբերի 19-ին Արման Ա․-ի նկատմամբ ՀՀ քր. օր.-ի 155 հոդվածի 1 մասի հատկանիշներով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նույն օրը վերջինիս նկատմամբ կայացվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին որոշում:
Ոստիկանները Սողոմոն Տարոնցի փողոցի 1 հասցեի մոտից Արման Ա․-ին ձերբակալել և տեղափոխել են Երևան քաղաքի վարչություն, այնուհետև ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին։