Հայերն ու տեղացիները հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին. Սիրիայում հայազգի պատգամավոր
Սիրիայում ապրող հայերի շրջանում տիրում է զուսպ և սպասողական վիճակ. ինչպես տեղացիներն, այնպես էլ հայերը, հետևում են իրավիճակի հետագա զարգացումներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանն՝ անդրադառնալով զինված ընդդիմության կողմից երկրի մայրաքաղաք Դամասկոսի գրավումից հետո տիրող իրավիճակին, տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և Սիրիայի հետագա ճակատագրին:
«Վաղ առավոտյան ժամերից հաղթանակի տոնական մթնոլորտ է. կրակոցներ, ուրախության վանկարկումներ»,- հայտնեց Մարիա Գաբրիելյանը՝ նկարագրելով ներկա իրավիճակը:
Անդրադառնալով հայերի շրջանում տիրող տրամադրություններին՝ Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը նշեց, որ բոլորի մոտ սպասողական վիճակ է:
«Հայերն, ինչպես տեղացիները, հետևում են իրավիճակի զարգացումներին»,-ասաց Մարիա Գաբրիելյանը:
Պատասխանելով հարցին, թե տեղացիներն ուրա՞խ են՝ իմանալով, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռացել է իշխանությունից՝ պատգամավորը նկատեց. «Այո, նրանք այլընտրանք չունեն. նախօրեին Ասադին էին փառաբանում, իսկ այսօր՝ հեղափոխությունը»:
Այդուհանդերձ, պատգամավորը չկարողացավ տեղեկություններ հաղորդել Բաշար Ասադի և վերջինիս ընտանիքի գտնվելու վայրի և ճակատագրի մասին:
«Այս պահին Սիրիայի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին հանդիպում է անցկացնում «Հայաթ Թահրիր ալ-Շամ» զինված խմբավորման հրամանատար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանիի հետ, որպեսզի իշխանության հանձնում կատարի»,-նշեց հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ դեռևս այլ հստակություն չկա:
Պատգամավորի բնորոշմամբ՝ Սիրիայի այլ հատվածներում բնակվող հայերի շրջանում ևս տիրում է զուսպ ու սպասողական վիճակ:
Անդրադառնալով երկրում տիրող քաղաքական իրադրությանը՝ Մարիա Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այժմ իշխանության անցում է տեղի ունենում ժամանակավոր կառավարությանը:
‹‹Շարունակվում է իրականացվել իշխանության անցումը՝ լիարժեք գործադիր լիազորություններով անցումային կառավարությանը››,- եզրափակեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը: