ՔՊ-ն Գյումրիում սցենար է փոխում. ժողովրդին կխաբեն անկուսակցական թեկնածուով. 168.am
168.am-ը գրում է. Նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամ անվան տակ Ալավերդու, Վանաձորի ու այն մյուս բոլոր համայնքների սցենարով, որոնցում ՔՊ-ական համայնքապետ չէր ընտրվել, բայց ՔՊ-ն ի վերջո որոշ ժամանակ անց զավթեց համայնքային իշխանությունը, հայտարարեց իր իսկ ստեղծած քաղաքական բարդակի հանգուցալուծման սցենարի մասին:
Ըստ այդ սցենարի՝ Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ, այսպես ասած՝ փրայմերիզներ, որոնց արդյունքում ինքը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Արդեն իսկ հայտնի են հայտ ներկայացրած թեկնածուների անունները՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, Նիկոլ Փաշինյանի կնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Գյումրիի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը:
Եվ եթե ի սկզբանե որոշված էր, որ ՔՊ-ն ամեն գնով պետք է քաղաքապետ դարձնի Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանին, հիմա իշխանության պլանների մեջ փոփոխություն է տեղի ունեցել, և նախնական սցենարը վերափոխվում է: Իսկ պլանները փոխվել են, որովհետև հասկացել են, որ ՔՊ-ն ոչ մի շանս չունի սեփական թեկնածուով պայքարել Գյումրիի քաղաքային իշխանության համար: Գյումրիում ՔՊ-ն այնքան ցածր վարկանիշ ունի, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցել է՝ անգամ վարչական ռեսուրսով ու թաղային հեղինակությունների բերած ձայներով ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ ունենալ չի կարող:
Որոշել են ձիով քայլ անել ու գյումրեցիներին ներկայանալ անկուսակցական թեկնածուով, նրան դարձնել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ ասելով, որ հենց ինքն էլ փրայմերիզի արդյունքներով առաջատարն է եղել, ու հետո հենց հարմար ժամանակը գա, կազմակերպել ընտրություններ և ունենալ ֆորմալ անկուսակցական, բայց իրականում ՔՊ-ի տակ աշխատող քաղաքապետ:
Այդ «Տրոյական ձին» գյումրեցիների համար, ըստ 168.am-ին հասած տեղեկությունների, կլինի մինչև 2018թ. ակտիվ ՀՀԿ-ական, ապա Էդմոն Մարուքյանի ստեղծած «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ներկայումս անկուսակցական ներկայացող, այս պահին Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյանը:
«Սիրելի՛ գյումրեցիներ, չկարողանալով անտարբեր մնալ հարազատ քաղաքիս կառավարման շուրջ ստեղծված իրավիճակին և ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշման հայտարարությունը՝ որպես անկուսակցական թեկնածու առաջադրվել եմ Գյումրի համայնքի ղեկավարի ժ/պ նշանակման համար անցկացվող նախնական ընտրություններում, որոնք անցկացվելու են սույն թվականի դեկտեմբերի 8, 9 և 10-ին:
Ակնկալում եմ ձեր բոլորի ակտիվ մասնակցությունը և արդար քվեարկությունը։
Հուսով եմ իմ ունեցած աշխատանքային փորձը, կառավարման գիտելիքները և մարդկային որակները կօգնեն ինձ դառնալ հավասարապես բոլոր գյումրեցիների սրտի քաղաքապետը։
ԳՅՈւՄՐԻՆ անտեր չէ՛»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Սարիկ Մինասյանը:
Ի դեպ, հետաքրքիր զուգադիպությամբ Սարիկ Մինասյանը Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետ դարձավ Էդմոն Մարուքյանի՝ հատուկ հանձնարարություններով դեսպան դառնալուց հետո:
Նկատենք, որ Սարիկ Մինասյանի հորաքրոջ որդին Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային պետ Կամո Ներսիսյանն է, ում հարազատ եղբայրը՝ Կարեն Ներսիսյանը, ներկայումս Ախուրյանի փոխհամայնքապետն է: Բացի դրանից, եթե Սարիկ Մինասյանը հանդես գա որպես առերևույթ անկուսակցական, հնարավորություն ունի ծառայեցնել նաև վարչական ռեսուրսը՝ պայմանավորված իր այսօրվա զբաղեցրած պաշտոնով:
Ընտրությունը, ինչպես ասում են, գյումրեցիներինն է: