Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կառավարությանը
Ֆրանսիայի խորհրդարանը հեռացրել է վարչապետին և կառավարության անդամներին՝ անվստահության քվե հայտնելով նրանց։ Նման բան տեղի է ունեցել վաթսուն տարվա ընթացքում առաջին անգամ։ Ֆրանսիայի վարչապետ Միշել Բառնիեի կառավարությունն իշխանության էր եկել ընդամենը երեք ամիս առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France24 պարբերականը։
Ազգային ժողովում նման քվեարկության առիթ է դարձել այն, որ վարչապետ Միշել Բառնիեն խորհրդարանում անցկացրել էր 2025 թ. սոցիալական ապահովագրության մասին բյուջեն՝ կիրառելով Սահմանադրության հոդվածներից մեկը և շրջանցելով պատգամավորների քվեարկությունը։
Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը ներկայացրել էին ծայրահեղ ձախ կուսակցությունները, որոնց սատարել են ծայրահեղ աջերը՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ։
577-տեղանոց ազգային ժողովի 331 պատգամավորները քվեարկել են կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին։ Այժմ Բառնիեն պետք է հրաժարականի դիմում ներկայացնի երկրի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ամռանը Ֆրանսիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանում ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն, և նախագահի կողմից վարչապետի նշանակումը տեղի էր ունեցել քաղաքական բարդ իրավիճակի պայմաններում։
Ելիսեյան պալատը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 5-ի երեկոյան ուղերձով կդիմի ժողովրդին։