Արմավիրի գյուղերից մեկում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Էջմիածին» շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Արևաշատ գյուղի Էրեբունի փողոց 1-ին նրբանցք, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 37-ամյա Սարգիս Չատինյանն է։
Պարզվել է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Ս. Չատինյանի դին բերանքսիվայր ընկած վիճակում Արևաշատ գյուղի Էրեբունի փողոցի 76 հասցեում հոսանքի 6 հազար վոլտ սնուցման մետաղյա կայանի մեջ՝ հոսանքի վահանի դիմաց, հայտնաբերել է թոշակառու մայրը։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։