Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ 10 օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել, որից 8-ը` ռուս
Վրաստանում բողոքի ցույցերի ժամանակ տասը օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը։
Նրանց թվում են` ութ ռուս, ինչպես նաև մեկ բելառուս և մեկ ամերիկացի։ Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք բոլորը մեղադրվում են մանր խուլիգանության եւ ոստիկանությանը չենթարկվելու մեջ։
Նշենք, որ բողոքի ակցիաները Վրաստանում նոր թափով սկսվել են նոյեմբերի 28-ին` կապված «Վրացական երազանքի» որոշման հետ՝ առնվազն մինչև 2028 թվականի վերջը հրաժարվելու Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից։
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, բողոքի ցույցերը վերսկսվել են Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Փոթիում, Թելավիում և այլ քաղաքներում։ Պետական անվտանգության ծառայությունը գործողություններն որակել է իշխանությունը բռնությամբ զավթելու փորձ։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանը համարում է ոչ լեգիտիմ։ Նա հավելել է, որ մտադիր է մնալ իր պաշտոնում «մինչև օրինականորեն ընտրված խորհրդարան չլինի»։ Նա սահմանադրական հեղաշրջում է անվանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ԵՄ-ին անդամակցությունը հետաձգելու որոշումը։
Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է օգտագործում։ Հայտնի է, որ վիրավորվել է առնվազն 20 լրագրող և 42 ոստիկան։ Երկրի ՆԳՆ-ն չի հայտնել վիրավորված ցուցարարների թիվը։ Անցած երկու օրերի ընթացքում շուրջ 150 մարդ բերման է ենթարկվել։
Աղբյուր` Փաստինֆո