Տիգրան Ավինյանը նախարարության նախկին շենքը գնել է, որպեսզի բարձրահարկ կառուցի
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Թումանյան-Հանրապետություն փողոցների խաչմերուկում գտնվող Առողջապահության նախարարության նախկին շենքը պետրաստվում են քանդել և բարձրահարկ շենք կառուցել։
Oragir.News-ի տեղեկություններով՝ այդ տարածքը, այդ թվում՝ շենքը գնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ավելին՝ թույլտվություն է տվել, որպեսզի բարձրահարկ շենք կառուցվի։
Նշենք, որ այդ շենքն այժմ ծառայում է որպես բիզնես կենտրոն։
Oragir.News-ն այսօր այցելել է նշված տարածք և զրուցել աշխատակիցների հետ։ Նրանց մի մասը նման խոսակցություններ լսել են։ Աշխատակիցների մյուս մասն էլ զարմացած էր, որոշներն էլ՝ տեղյակ էին, բայց չցանկացան տեսախցիկի առաջ որևէ խոսք արտահայտել։
«Օդի մեջ այդպիսի խոսակցություններ լսել ենք, բայց պաշտոնապես ծանուցում դեռ չի եկել մեզ»,- ասաց բիզնես կենտրոնի աշխատակիցներից մեկը։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև շենքի լիազորի հետ, սակայն վերջինս հերքեց պտտվող տեղեկությունները։
Հաշվի առնելով, որ Տիգրան Ավինյանը գտնվում է ԱՄՆ-ում, նրանից մեկնաբանություն վերցնել չենք կարող։ Ուստի վերադառնալուն պես այդ հարցը կուղղենք նաև քաղաքապետին։