Անգելա, ների՛ր ինձ. Պուտինը ներողություն է խնդրել Մերկելից` շան հետ կապված միջադեպի համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմել է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին՝ անդրադառնալով 2007 թվականին հանդիպման ժամանակ իր շան հետ կապված միջադեպին. Մերկելի խոսքով՝ Պուտինն իմացել է, որ ինքը վախենում է շներից, սակայն հանդիպման ժամանակ թույլ է տվել, որ Կոնի մականունով իր սև լաբրադորը մտնի սենյակ ու մոտենա կանցլերին: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Մերկելի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանի նախագահի շունը մտել է հյուրասենյակ, որտեղ նստած էին առաջնորդները։
«Ես չգիտեի, որ նա վախենում էր շներից: Եթե ես իմանայի, երբեք չէի անի դա։ Ընդհակառակը, ես ուզում էի ստեղծել անկաշկանդ, հաճելի մթնոլորտ։ Ես ելնում եմ նրանից, որ Եվրոպայում և Գերմանիայում, որքան գիտեմ (ես այնտեղ ապրել եմ գրեթե հինգ տարի), շատ դրական են վերաբերվում ընտանի կենդանիներին։ Ընդհակառակը, ես մտածեցի, որ նա գոհ կլինի։ Ես ներողություն եմ խնդրել նրանից և ևս մեկ անգամ դիմում եմ նրան. Անգելա, խնդրում եմ, ների՛ր ինձ, ես չէի ուզում քեզ հոգեկան ցավ պատճառել», - ասել է Պուտինը:
Նա նշել է, որ չգիտեր, որ Մերկելը վախենում է շներից։
«Հետագայում նա ասաց, որ մանուկ հասակում իրեն կծել է շունը։ Նման բան պատահում է. դա հոգեբանական տրավմա է»,- հավելել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև ասել է, որ եթե Մերկելը երբևէ գա իրեն այցելելու, «ոչ մի դեպքում» իր շանը չի տանի միջոցառմանը.«Ես ներողություն եմ խնդրում, եթե երբևէ նորից գաս, ես հասկանում եմ, որ դա այսօր քիչ հավանական է, բայց ես ոչ մի դեպքում նման բան չեմ անի»:
Մերկելը ավելի վաղ իր հուշերում գրել էր, որ Պուտինի հետ բանակցությունների ժամանակ վախենում էր լաբրադոր Կոնիից։ Նա ենթադրել էր, որ ՌԴ նախագահը միտումնավոր է վախեցրել իրեն։