Ռուսաստանի պաշտպանության նախարար Բելոուսովը ժամանել է Հյուսիսային Կորեա
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ). այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ։
Փհենյանի Սունան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ռուսաստանի պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը՝ Կորեայի ժողովրդական բանակի պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարին դիմավորել է ԿԺԴՀ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Նո Գվան Չհոլը:
Վերջին շաբաթներին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 10 000 զինվոր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։