Արթուր Պողոսյանը և Էդուարդ Հակոբյանը նշանակվեցին
Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ: Համապատասխան որոշումների նախագծերը քիչ առաջ հաստատեց ՀՀ կառավարությունը:
Պողոսյանը շնորհակալություն հայտնեց այդ պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար։
«Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս և գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման ու քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացման գործում»,- ասաց ՔԿ նորանշանակ նախագահը։
Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է օրենքի առջև հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ ու նպաստելու է հասարակության շրջանում արդարության ու արդարադատության զգացողության ամրապնդմանը։