«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.


«Շատ հանգիստ, կազմակերպված, պարտաճանաչ երեխա էր, որևէ մեկին նեղություն չէր պատճառի: Անսահման բարի էր, արդարամիտ: Իր համար արդարությունն առաջին տեղում էր թե՛ ընկերական շրջապատում, թե՛ տանը, թե՛ դրսում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը՝ Ռուբենի մայրիկը:

Ռուբենը ծնվել է Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում: Այստեղ է անցել նրա մանկությունը, այստեղ է նաև դպրոց հաճախել: Սովորել է նաև Բերդի արվեստի դպրոցում, որն էլ ավարտել է կարմիր վկայականով: «Արվեստի դպրոցում դասավանդում էի, ինքն էլ սովորում էր, բոլորի պես պատրաստվում էր քննություններին, երբեք չէր օգտվում այն հանգամանքից, որ իր մայրն էի»: Տիկին Անուշն ասում է՝ որդին 14 տարեկան էր, երբ հայրիկը մահացավ: «Տան ավագի, տղամարդու պատասխանատվությունն իր ձեռքը վերցրեց, փոխվեց, կարծես հինգ տարով մեծացավ: Հայրիկի ցանկությունն էր, որ Ռուբենը բժիշկ դառնար: Ընդունվեց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Երբ ինչ-որ հաջողության էր հասնում, ինձ միշտ հարցնում էր. «Մա՛մ, ի՞նչ ես կարծում, պապան գոհ կլինե՞ր»:

Շատ մեծ սեր ուներ քաղաքագիտության, քաղաքականության նկատմամբ: Իրեն ասում էի՝ ատամնաբուժությունն ուր, քաղաքականությունն ուր: Ասում էր. «Մա՛մ, հիվանդներին կընդունեմ, կբուժեմ, իսկ ընթացքում քաղաքականությունից կխոսեմ»: 13 տարեկանում գրքույկներում նշումներ էր անում, իսկ հետո տալիս ինձ կարդալու: Կետ առ կետ նշել է, թե ինչպես էր զարգացնելու իր հայրենիքը, ընտրել երկրի ղեկավար, որը պետք է օժտված լիներ կարևորագույն հատկանիշներով, նշել է, թե որ երկրների հետ պետք է հարաբերություններ հաստատեր և այդպես շարունակ: 17 կետ է առանձնացրել, թե ինչ պետք է աներ: Փոքրուց շատ հայրենասեր էր: Մյուս երեխաները մուլտֆիլմեր էին դիտում, իսկ նա դպրոցական տարիներին «Աշխարհի հայերը» հաղորդաշարն էր դիտում, որը պատմում էր նշանավոր հայերի մասին: Դիտում էր նաև հաղորդումներ հերոսների մասին: Վազգեն Սարգսյանի կյանքն էր ուսումնասիրում, առաջնորդվում Նժդեհի գաղափարներով:

Պահանջկոտ չէր, որ այս կամ այն բանը գնեի իր համար, բայց խնդրում էր իր համար գրքեր գնել թագավորների, Նժդեհի և նշանավոր այլ մարդկանց մասին: Երբ վերջին անգամ արձակուրդ եկավ, իր փոքրիկ գրքույկը թողեց տանը: Հարցրեցի՝ չե՞ս տանում քեզ հետ, արձագանքեց, որ շուտով զորացրվելու է, թող իրերը տանը մնան: Այդ գրքույկներում ամբողջը թագավորների էսքիզներն են: Ծառայության ընթացքում էլ իր ազատ ժամանակը լցնում էր ընթերցանությամբ, օտար լեզուներ էր ուսումնասիրում»: 2019 թ.-ի հունվարի 30-ին Ռուբենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայել է Ստեփանակերտի ՊԲ-ի 8-րդ պաշտպանական շրջանի (ЦОР) զորամասում: Մայրիկի խոսքով, երբեք չի տրտնջացել որևէ հարցում, ամեն ինչ արել է, որ նա չանհանգստանա իր համար:

«Երբ գնում էի իր մոտ, ասում էր՝ ինչո՞ւ ես եկել: «Որովհետև կարոտում եմ քեզ», արձագանքում էր՝ դիմացի: Վերջին անգամ իր մոտ համավարակի տարածումից առաջ ենք գնացել: Երբ իրեն ասում էի, որ կարոտել եմ, պատասխանում էր՝ բան չմնաց, մի տարի: Վերջին անգամ արձակուրդ էր եկել, իր համազգեստը կարգի բերեցի, արդուկեցի, նայում էի դրան ու մի այլ տեսակի հպարտություն էի զգում»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: «Սեպտեմբերի 24-ին զանգահարեց, զրուցեցինք, հետո ասաց. «Մամ, կարո՞ղ ես քարտիս գումար ուղարկել, մի քիչ քաղցր վերցնեմ, 10 օրով պետք է գնանք զորավարժությունների, հեռախոսս չեմ տանելու. որ չզանգահարեմ, չանհանգստանաս»: Շատ հետո սկսեցի վերլուծել մեր ավելի վաղ զրույցները: Օգոստոսին, երբ զրուցում էինք, ասում էր. «Մա՛մ, մարդկանց չվստահես, քո իմացած աշխարհը չի»:

Ու մեր առջև նաև կարծես պահանջներ էր դնում՝ պետք է իրեն նկարների տեսքով իմ ստեղծագործությունները ցույց տայի, քույրիկին ուղղորդում էր, որ անգլերեն սովորի: Այդ օրն էլ զրույցի ժամանակ ասացի, թե ինչ ենք նկարում, ինքն էլ ոգևորվեց, բայց ձայնի մեջ տխրություն կար: Երբ անարդարության էր հանդիպում, նեղսրտում էր, դա անմիջապես նկատելի էր դառնում իր ձայնից, բայց այդ օրն ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ կարգին է: Հետո սկսվեց պատերազմը: Ուխտ էի արել, որ մինչև Ռուբենիս զորացրվելը պետք է հասցնեմ նկարել Արցախի բոլոր այն եկեղեցիները, որոնք այցելել էի: Սեպտեմբերի 27-ի առավոտյան յոթ անց կես էր, Շուշիի եկեղեցին էի նկարում: Մի պահ դադարեցրի, որոշեցի լրահոսը թերթել: Պատերազմի լուրը տեսա: Ռուբենի հետ օրեր շարունակ կապ չկար: Հետո լսեցինք, որ Ռուբը վիրավոր է, ու իրեն չեն գտնում: Սկսեցինք նրան փնտրել, ասացին, որ Ռուբեն Պողոսյան անունով զինվոր կա հիվանդանոցում: Երևանի մի հիվանդանոցում Ռուբեն Պողոսյան անունով տղային գտանք, բայց մեր Ռուբը չէր:

Հիվանդանոցից դուրս եկա, զանգահարեց ինձ: Դա սեպտեմբերի 30-ն էր: Պարզվեց, որ ամսի 27-ին ոտքի վիրավորում է ստացել: Իրեն հիվանդանոց չեն տարել, վիրակապել են, ու շարունակել է մարտը: Ինքը թուլակազմ չէր, բացի դա, իր ընկերներին չի թողել»: Ռուբենը հրետանու նշանառու էր: Պատերազմի օրերին օգնել է հաշվարկի հրամանատարին ու անձնակազմին: Հրաշալի տիրապետել է իր մասնագիտական գիտելիքներին։ Նրա հմուտ նշանառության շնորհիվ հաշվարկը կարողացել է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը՝ հակառակորդին պատճառել զրահատեխնիկայի, հրետանային, կրակային դիրքերի և տասնյակից ավելի հետևակի կորուստ։ Ռուբենն ու Ցորի տղաները եղել են թեժ կետերում՝ Վազգենաշեն, Հադրութ, Վարանդա, Ջրական, Արա լեռ: Հոկտեմբերի 10-ին է եղել Ռուբենի վերջին զանգը: «Երեք անգամ զանգահարել է, խոսել իմ ու քրոջ հետ: Այնքան ուրախ էր խոսում, ձայնը՝ հանգիստ, որ մեզ թվում էր՝ ապահով տեղում են: Անընդհատ ասում էր՝ մա՛մ, գիտես, որ ձեզ չեմ թողնի, մտքովդ նման բան չանցնի: Երեկոյան էլ զրուցեցինք, ասաց՝ վաղը կզանգեմ, բայց հոկտեմբերի 10-ն էր Ռուբենի վերջին զանգի օրը»: Իսկ հետո սկսվում է մղձավանջը՝ ծնողները սկսում են փնտրել իրենց զավակներին:

Տիկին Անուշի խոսքով, այդ ընթացքում այնքան սուտ լուրեր են ստացել, որ իբր Ռուբենը ողջ է, ուրիշի միջոցով իբր մայրիկին լուր է ուղարկում, որ իր հետ ամեն ինչ կարգին է: «Բայց տղաներն արդեն զոհվել էին»: Ռուբենը զոհվել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու կոչվող բնակավայրում: Պատերազմից մեկ տարի անց՝ 2021 թ. նոյեմբերի 2-ին Ռուբենի և նրա տասն ընկերների մարմինները փոխանցվել են հայկական կողմին: Նրանց հոգեհանգիստը տեղի է ունեցել 2021 թ.-ի դեկտեմբերի 2-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Ցորի տղաների պատմության հետքերով քրեական գործ է հարուցվել, ընթացող դատական նիստերին մասնակցում են նաև տղաների ծնողները: Նրանք վստահ են, և այդ մասին փաստում են նաև դատական նիստերի ժամանակ հնչած փաստերը, որ իրենց որդիներին դավաճանել են, ուստի մեղավորները պետք է պատասխան տան: «Աստծուն խնդրում էի, որ տղաս հանկարծ գերի չլինի, խնդրում էի՝ եթե մահացած է, նրան մահացած չպիտի տեսնեմ, չեմ դիմանա:

Փնտրում էի իրեն, Աստվածաշունչ կարդում, Հովսեփի պատմությունը վերլուծում: Մեկ տարի երկու ամիս նա եկավ իմ երազներին, ասում էր՝ մա՛մ, չհավատաս, ողջ եմ, գալու եմ: Այդ ընթացքում ուխտագնացությունների էի մասնակցում, Աստծուն խնդրում՝ եթե երեխաս մահացած է, թող թշնամու հողում չմնա»: Ապրելու ուժի մասին: «Պարտավոր եմ ապրել հանուն աղջկաս: Ռուբենս չէր սիրում ինձ խեղճացած տեսնել: Հայրիկի մահվանից հետո միշտ ասում էր՝ մամ, քեզ կոտրված ու խեղճացած չտեսնեմ: Հետո էլ աղջիկս սկսեց նույնն ասել՝ մամ, կոտրվելու իրավունք չունես, Ռուբը քեզանից ի՞նչ էր պահանջում: Օրեր են լինում, որ հուսահատվում եմ, «ընկնում» անկողին: Այդ գիշեր Ռուբիս տեսնում եմ երազումս: Կամ էլ քրոջ երազին կայցելի, կասի՝ մամայից նեղացա: Հիմա Ռուբիս եմ նկարում ու մտածում՝ Աստված իմ, ինչ ծանր է, որ փորձում եմ իմ ձեռքերով որդուս «ստեղծել» կտավի վրա»:

Հ. Գ. - Ռուբեն Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան Արցախից բռնի տեղահանվածները որքան աջակցություն կստանան 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանում Դուք չեք ծանոթացել գործի նյութերին. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին ՀՀ–ի արևմտամետ քաղաքականությունը կորուստի է տանում. փորձագետը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարության մասին Նիկոլի վախերն ու Գյումրիում «նախնական ընտրությունների» կապիկությունը Ռոբերտ Քոչարյանը և մյուսները բերման չենթարկվեցին Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան 6 ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Հայաստանը 12.9 մլն եվրո աջակցություն կստանա Եվրահանձնաժողովից SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել` ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Ֆրանսիայի դեսպանի պատասխանը Շարմազանովին Արթուր Պողոսյանը և Էդուարդ Հակոբյանը նշանակվեցին Իրանը Լիբանանի զինադադարի համաձայնագիրը նվաստացուցիչ է անվանել Իսրայելի համար 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել Դադիվանքն ու «փաստի» հորինումը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում Ես ձեր հարցին չեմ պատասխանելու, դուք գործի նյութերին ծանոթ չեք․ Քոչարյանը՝ դատավորին (video) Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել «Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Աբրահամյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am