«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի բան է նախգիծը, մի բան է փաստը: Երկու տեսանկյունից պետք է մոտենալ բյուջեի նախագծին՝ ինչ է նախատեսվում և ինչպիսին կլինի փաստը, որի ամրագրումը ժամանակի խնդիր է, բայց այսօր ունենք որոշակի նախադեպային պաշար, որը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անելու, եթե ոչ 100 տոկոսանոց ճշգրտությամբ, ապա գոնե ընդհանուր բնութագրական: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը, երբ հարց ենք ուղղում 2025 թ.-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ:

«Ե՛վ նախատեսվածի մասով, և՛ նախադեպից եկող ակնկալվող փաստի մասով բյուջեն խնդրահարույց է: Նախատեսվածով մեր բյուջեի հիմքում դրված է բավականին ճշգրտված, համեստ տնտեսական աճ: Ընդ որում՝ համեստ ոչ թե Հայաստանի տնտեսության պոտենցիալի, երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի տեսանկյունից, այդ պարագայում մեր տնտեսության պոտենցիալը 4,5-5 տոկոսանոց աճ է ենթադրում, այլ համեստ՝ հաշվի առնելով վերջին տարիների՝ ընդհուպ մինչև երկնիշին ձգտող տնտեսական աճերի հանգամանքը: 2025 թ.-ին ունենք բավականին համեստ նախատեսված տնտեսական աճ, դրան զուգահեռ՝ հարկային եկամուտների, ծախսերի աճ, ընդ որում՝ ծախսերի աճն ավելի արագ, քան բյուջեի եկամուտների աճը, իսկ դա ենթադրում է, որ նախատեսվում է նաև դեֆիցիտի աճ:

Հարկային եկամուտները հիմնականում հաշվարկվում են տնտեսական գործունեությունից, տնտեսության իրական հատվածից սպասվող հնարավոր հարկային եկամուտների հիման վրա, այսինքն՝ ինչ գործունեություն, մոտավոր ինչպիսի հավաքագրում է ենթադրում, դրանով նախագծում են, նախատեսում են եկող տարվա հարկային եկամուտները և այլն: Մեր պարագայում խնդիրն այն է, որ հարկային եկամուտների նախատեսված աճը, կարծես թե, առավելապես պայմանավորված է ոչ թե տնտեսության իրական հատվածից ակնկալվող ավելացված արժեքից եկող հարկային եկամուտներով, այլ հարկային վարչարարության խստացմամբ և բավական մեծ խտացմամբ: Ունենք հարկային դրույքաչափերի ավելացում, բավական խստացումներ: Սա տնտեսության համար առանձին խնդիր է: Տնտեսական աճի հիմքում դրված է ավելացված արժեքի ստեղծումը: Հարկային եկամուտներն ավելի բարձր են, առաջանցիկ տեմպերով ավելի առաջ են, հիմքում դրված է քաղաքականությունը, որը ենթադրում է ավելի շատ հարկահավաքում:

Իհարկե, այդտեղ օբյեկտիվորեն կարող է լինել նաև ստվերից դուրսբերումը, ստվերի դեմ քաղաքականությունը և այլն: Բայց ունենք 2024 թ.-ի հարկահավաքման նախադեպը, որը թերակատարված է՝ ինն ամիսների, առաջին կիսամյակի տվյալներով հարկերի հավաքման բավականին մեծ թերակատարում ունենք: Կա՛մ այստեղ ունենք ստվերի խնդիր, կա՛մ տնտեսության իրական հատվածում ավելացված արժեքի ձևավորման խնդիր: Երկուսն էլ, կարծես թե, մեզ մոտ կան: Այս պարագայում այնքան էլ կարևոր չէ, թե որն է ավելի գերակա: Մակրոտնտեսական տեսանկյունից երկուսն էլ բավական խնդրահարույց են»,-ասում է Ամիրխանյանը:

Հաջորդիվ անդրադառնում ենք ծախսերի և դեֆիցիտի ավելացմանը: «Դեֆիցիտը պետական պարտքի ավելացում է ենթադրում: Պետական պարտքի ավելացումը խնդրահարույց է՝ հաշվի առնելով բյուջեի վրա 2024 թ.ից սկսած պարտքի տոկոսագումարների և մայր գումարների, այն է՝ պետական պարտքի սպասարկման համար տրամադրվող բավական մեծ գումարների բեռը: Դրա հաջորդաբար ավելացումը (2025 թ.-ին մոտավորապես 15 միլիարդի շեմի մասին է խոսքը) էլ ավելի մեծացնում է բյուջեից պետական պարտքի սպասարկման խնդիրները: Բյուջեի այն ծախսերը՝ ահռելի մեծ գումարներ, որոնք պետք է ուղղվեն առողջապահության, սոցիալական և այլ ծախսերին, ուղղվում են պարտքի սպասարկմանը: Գալով պարտքՀՆԱ հարաբերակցության հանգամանքին: Երկու կարևոր հանգամանք կա, որը դրական է ազդել այս ցուցանիշի վրա:

Առաջին՝ համախառն ներքին արդյունքի աճը, սա լավ է, բայց խնդիրն այն է, որ այդ ՀՆԱ-ի աճն ապահովվել է ոչ թե տնտեսական կարողությունների ավելացման, այլ արտաքին գործոնների ազդեցությունների հաշվին: Այդ գործոնները թուլանում են, ՀՆԱ-ի հետ կապված խնդիրները առաջիկայում խնդրահարույց են լինելու, ինչն արտացոլված է 2025 թ.-ին նախատեսված 5,6 տոկոսանոց՝ ավելի ցածր տնտեսական աճի թվի ներքո: Երկրորդ գործոնը, որը պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը բերել էր կառավարելի տիրույթ և բավականին լավ ցուցանիշի, դրամի արժևորումն էր արտարժույթի նկատմամբ: Սա ևս որոշակիորեն անկայունության հետ կապված խնդիր ունի, անընդհատ բարձրաձայնում են, ու պարտքը ավելանում է, բայց այստեղ ունենք կառավարելիություն, դա լավ կլիներ, բայց այստեղ ևս որոշակի անկայունություն կա»,-նշում է մեր զրուցակիցը:

2025 թ.-ի բյուջեում ամենամեծ մասնաբաժինը սոցիալական ծախսերն են: «Ֆինանսների նախարարը բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ նշել էր, որ սոցիալական ծախսերի ավելացումն առավելապես պայմանավորված է բազային էֆեկտով, այդտեղ որակական փոփոխություն տեղի չի ունենում: Փորձենք պարզ օրինակով ներկայացնել: Չեն ավելանալու թոշակները, նպաստները, աշխատավարձը, այսինքն՝ բնակչության բազային եկամուտները չեն ավելանալու: Ի՞նչ է տեղի ունենում զուգահեռաբար: Բնակչության ծախսերն ավելանում են: 2025 թ.-ից մի քանի ուղղություններով ունենք շոկային թանկացումներ՝ տրանսպորտի թանկացում, հարկային տարբեր խստացումներ, վարչարարություն, որը գուցե առաջին հայացքից թվա՝ բիզնեսին է վերաբերում, բայց ապրանքների ինքնարժեքով և գնաճային դրսևորումներով անդրադառնալու է հասարակության լայն շերտերի վրա, եկամուտների համընդհանուր հայտարարագրման շարունակականություն, որը 2025 թ.-ից վարձու աշխատողներին, այսինքն՝ հանրության ավելի լայն շրջանակներին է ընդգրկում:

Հայտարարվում է, որ սա հարկման նպատակ չի հետապնդում, բայց հասկանալի է, որ դրա ներքո նաև հարկման ենթակա գումարներ են լինելու: Փաստն արձանագրում է, որ բնակչության հարկային ծախսերը, բեռն ավելանում են: Այս ծախսերի պարագայում ունենք բազային եկամուտների զրոյական աճ: Թեև սոցիալական ծախսերն առաջին տեղում են, բայց դժվարանում եմ 2025 թ.-ի բյուջեն սոցիալական անվանել: Հատկապես ցածր եկամուտ ունեցող խմբերի պարագայում շատ ավելի լուրջ է լինելու աղքատության հետ կապված խնդիրը: Այստեղ պետք է տարանջատել ոչ թե վիճակագրական, այլ փաստացի աղքատությունը, այդ թվում՝ նաև աշխատող աղքատների որոշակիորեն նոր ձևավորված կատեգորիան, որը մեզ մոտ կա վերջին տարիների ընթացքում»,-հավելում է փորձագետը: Ընդգծում է՝ այս ամենը նախատեսվում է 2025 թ.-ի բյուջեի նախագծով, 2024 թ.-ի բյուջեի նախադեպը թույլ է տալիս որոշակի նախատրամադրություններ ստեղծել, թե ինչ կկատարվի:

«2024 թ.-ի բյուջեի նախագծով նախատեսված էր 7 տոկոս տնտեսական աճ: Այդ տնտեսական աճը 2024 թ.-ի համար տարվա վերջին 2-3 ամիսների ընթացքում վերանայվել է դեպի նվազեցում, սահմանվել է 5,8 տոկոս: Սա նախատեսվածի թերակատարում է: Արձանագրվել են հարկային հավաքման թերակատարումներ պետական բյուջեի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծասխերի մասով առնվազն առաջին ինն ամիսների ընթացքում: Այսինքն՝ մի բան է նախատեսվածը, մի բան է դրա կատարումը: Վերջին տարիների պարբերաբար կրկնվող նմանօրինակ խնդիրներն առնվազն իրավունք են տալիս ենթադրելու, որ գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ»: Փորձագիտական հանրույթի դիտարկմամբ, 2025 թ.-ին պետությունը «հարկային տեռոր» է իրականացնելու իր քաղաքացիների նկատմամբ, խոսքը Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին է: Ինչո՞ւ են կառավարության քայլերն այսքան կտրուկ դարձել:

«Իմ պատկերացմամբ, գործ ունենք խուճապային գործողությունների հետ: Վերջին տարիներին գործ ունեինք դրական շոկերի հետ, որոնց մեկնարկից ի վեր փորձագիտական դաշտի մեր գործընկերները, բոլորս բարձրաձայնում էինք՝ սա շատ լավ է, բայց դա պետք է կապիտալիզացվի, հակառակ դեպքում կլինի շատ վատ: Մեր տնտեսության իրական հատվածում կան մտահոգիչ զարգացումներ, չնայած ունեցանք նաև երկնիշ տնտեսական աճ, գյուղատնտեսությունն անկումային է, առնվազն երկու տարի շարունակ հիմնականում սննդամթերքի և արտահանելի արտադրությունում տարեկան ամփոփիչ անկումային ցուցանիշներ ունենք: Ունենք արտահանման անգամներով աճ, որի 70 և ավելի տոկոսը բաժին է ընկնում վերաարտահանման գործոնով անցնող ապրանքատեսակներին, ունենք իրավիճակ, երբ ֆինանսների նախարարը խոսում է, որ վերաարտահանման գործոնը հանելու պարագայում հայրենական ծագման ապրանքների արտահանումը բացասական է:

Եթե արտահանումը բացասական է, ուղղակիորեն խնդիր ունենք արտադրության հետ:Երբ տնտեսությունը փոքր է, և խորությունը մեծ չէ, արտադրության մասշտաբները մեծացնել հնարավոր է միայն մասշտաբի էֆեկտի հաշվին: Մեր նման երկրների պարագայում մասշտաբի էֆեկտն ապահովվում է արտահանման միջոցով: Փոքր երկիր ենք, մեր սպառողները քիչ են, մեր շուկան նեղ է, հետևաբար ավելի շատ արտադրելու համար օդ ու ջրի պես պետք է ունենալ արտահանման շուկաներ: Այս պարագայում, եթե ունենք արտահանման բացասական ցուցանիշ, դա նշանակում է, որ հարվածի տակ է արտադրությունը: Դրա պատճառները ևս խորքային են, գալիս են առնվազն 2-3 տարի առաջվա պրոցեսներից և զարգացումներից հետո, հիշենք հանրային ծառայությունների սակագների թանկացումները:

Երբ տնտեսության իրական հատվածում ունենք այսպիսի զարգացումներ, և արտաքին գործոններն էլ չեղարկվում են, ստեղծվում է մի իրավիճակ, երբ բյուջեի կազմակերպման համար իրականացվում են, կարծես թե, խուճապային գործողություններ հարկային վարչարարության տեսքով, ընդ որում՝ ոչ պոպուլ յար գործողություններ: Այս իշխանությունը հայտնի է այնպիսի ձեռագրով, այնպիսի հայտարարություններ և քայլեր անելով, որ եթե նույնիսկ վնասում են, բայց այդ պահին պոպուլ յար են և հանրությանն ականջահաճո, իրականացնում են: Հիմա տպավորություն է, որ անգամ ոչ պոպուլ յար, բավական խիտ, իրար մոտ գործողություններ են իրականացնում», - եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 200 անգամ
Լրահոս
Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ. Ոսկան Սարգսյան Արցախից բռնի տեղահանվածները որքան աջակցություն կստանան 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանում Դուք չեք ծանոթացել գործի նյութերին. Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին ՀՀ–ի արևմտամետ քաղաքականությունը կորուստի է տանում. փորձագետը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարության մասին Նիկոլի վախերն ու Գյումրիում «նախնական ընտրությունների» կապիկությունը Ռոբերտ Քոչարյանը և մյուսները բերման չենթարկվեցին Իշխանության զավթում Գյումրիում. Դանիելյան 6 ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Հայաստանը 12.9 մլն եվրո աջակցություն կստանա Եվրահանձնաժողովից SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել` ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Ֆրանսիայի դեսպանի պատասխանը Շարմազանովին Արթուր Պողոսյանը և Էդուարդ Հակոբյանը նշանակվեցին Իրանը Լիբանանի զինադադարի համաձայնագիրը նվաստացուցիչ է անվանել Իսրայելի համար 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել Դադիվանքն ու «փաստի» հորինումը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բուհերի մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում Ես ձեր հարցին չեմ պատասխանելու, դուք գործի նյութերին ծանոթ չեք․ Քոչարյանը՝ դատավորին (video) Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել «Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Աբրահամյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am