Պադավատապետություն կա՞․ Փաշինյանի օրոք գնված գերթանկարժեք ծառայողական մեքենաները
Չնայած երբեմնի ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանություններին խստորեն քննադատում էր Հայաստանը «պադավատապետության» վերածելու մեջ, պնդում, որ ՀՀ-ում առավելագույնը պետք է 30-35 ծառայողական մեքենա լինի, այնուամենայնիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին ծառայողական մեքենաների թիվը ոչ միայն չկրճատվեց այլև աճեց։
2018 թվականին Հայաստանում կար 902 ծառայողական մեքենա։ Արդեն իշխանափոխության առաջին տարում՝ 2019 թվականին, Հայաստանում ծառայողական մեքենաների թիվը դարձավ 1082, ցուցակում ներառվեցին այն մեքենաները, որոնց պահպանման ծախսերը 2019 թվականն էլ ներառյալ, կատարվում էին արտաբյուջետային միջոցների հաշվին։ 2020 թվականին ծառայողական մեքենաների թիվը կրճատվեց և դարձավ 924, 2021-ին՝ 923։ Հաջորդ տարի՝ 2023 թվականին ծառայողական մեքենաների թիվը կրկին աճեց՝ դառնալով 939 և միայն ընթացիկ՝ 2024 թվականի բյուջեով ծառայողական մեքենաների թիվը կրճատվեց 37-ով և դարձավ 902՝ արտաքուստ հավասարվելով 2018 թվականի թվին։
Հնչող քննադատությունների ֆոնին՝ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս նաև սափրվել էր և վերադարձել ընդդիմադիր Փաշինյանի կերպարին, օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահեցրել էր, որ առաջիկայում կացնային մոտեցմամբ կրճատելու է ծառայողական մեքենաների թիվը։ Հարցազրույցից առաջ էլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով, որ կրճատում է ծառայողական մեքենաները։
Նկատենք՝ միանշանակ չէ նաև, որ 2024 թվականին ծառայողական մեքենաների թիվը հասել է 2018 թվականի ցուցանիշին։ Ֆինանսների նախարարությունը պարզաբանել էր, որ 2024-ին ավտոմեքենաների քանակի այս նվազումը պայմանավորված է Արտակարգ իրավիճակների նախարարության լուծարմամբ և ՏԿԵՆ միգրացիոն ծառայության վերակազմավորմամբ, որոնք ներառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում, իսկ ուժայինների ավտոմեքենաների քանակը գաղտնի տեղեկատվություն է, որը վիճակագրությունում չի ներառվում։ Այսպիսով՝ պնդումները, թե 2024-ին ծառայողական մեքենաների թիվը հավասարվել է 2018-ի թվին, մանիպուլյացիոն են, քանի որ մեքենաների թիվը ոչ թե կրճատվել է, այլ դրանց մի մասը դարձել է գաղտնի։
Հատկանշական է, որ դեռևս նախորդ իշխանությունների օրոք Հայաստանում տարածված էր մի պրակտիկա, երբ պետական ավտոպարկից հնացած և շահագործման ոչ ենթակա ավտոմեքենաները դուրս էին գրվում, ինչը ներկայացվում էր որպես կրճատում, այնուհետև կառավարությունը նոր մեքենաներ էր գնում։ Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը այս երևույթը նույնպես քննադատում էր, սակայն իր կառավարությունը չհրաժարվեց այս գործելակերպից․ 2022 թվականի հոկտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց պետական ավտոպարկից հանել միանգամից 600 չօգտագործվող ավտոմեքենա, որոնց փոխարեն պետք է ձեռք բերվեն 200 նոր տրանսպորտային միջոցներ՝ էկոնոմ դասի և էլեկտրամոբիլ։
Փաստացի՝ ծառայողական մեքենաների կրճատման քողի տակ պետական ավտոպարկը համալրվում է գերժամանակակից և թանկարժեք ավտոմեքենաներով։
Ստորև առանձնացրել ենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին գնված գերթանկարժեք ծառայողական մեքենաներից մի քանիսը, որպեսզի հասկանանք, թե դրանք հարկատուների գրապանների համար որքան է ծախսվել․
Մասնավորապես՝ 2024-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետական բյուջեից 1 միլիարդ 38 միլիոն դրամ հատկացրեց՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի համար նոր՝ 2024 թվականի արտադրության էլէկտրական ու հիբրիդային մեքենաներ գնելու համար։ 49 ծառայողական մեքենա գնելու հարցը չզեկուցվողներից էր․ այն չքննարկվեց, մյուս չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց։ Դրանք բոլորը «Վոլվո» մակնիշի են՝ ամենաթանկը «Վոլվո XC 90» է, սա ներկայացուցչական ամենագնաց է։ Մեքենաները պետգույքի կոմիտեին մատակարարելու է «Ավանտգարդ» ընկերությունը, որը «Վոլվո»-ի ներկայացուցիչն է Հայաստանում։
Հուլիսի վերջին նաև հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն 125 հազար դոլարով ծառայողական մեքենա է գնել։ Ծառայողական մեքենան նախատեսված էր կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի համար։ Այն այս տարվա արտադրության «Տոյոտա Լենդ Քրուզեր-300» ամենագնաց էր, իսկ գնման պայմանագիրը կնքվել էր «Տոյոտա Երևան» ընկերության հետ, որի բաժնեմասի 60 տոկոսը, ըստ պետական ռեգիստրի, հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանինն է, 30 տոկոսի սեփականատերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին է՝ Սեդրակ Քոչարյանը։
Հետպատերազմական առաջին տարում՝ 2021-ի նոյեմբերի 25-ին, որից օրեր առաջ ադրբեջանական զինուժը ներխուժել էր Հայաստան, կառավարության որոշմամբ հրատապ, մեկ անձից գնման ընթացակարգով ծառայողական նոր մեքենա գնվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար։ Մեքենան բարձր դասի BMW էր, որի համար հարկատուների վճարած գումարներից ծախսվեց 90 միլիոն դրամ կամ մոտավորապես 185 հազար դոլար։
Անվտանգային բազմաթիվ մարտհրավերներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գերշքեղ ծառայողական մեքենաներն այսքանով չեն սահմանափակվում։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենայի գինը մոտավորապես 300 հազար դոլար է, թիկնազորի մեքենաներինը՝ 100 հազար դոլար, նախագահ Վահագն Խաչատուրյանինը՝ 70 հազար դոլար և այլն։ Բոլոր այս թանկարժեք մեքենաները գնվել են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում։
Ծառայողական մեքենաներից ոչ միայն պետական պաշտոնյաներն են օգտվում, այլև նրանց ընտանիքի անդամները։ Օրերս հայտնի դարձավ, որ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժեքով նոր մեքենա է գնվել, չնայած այն բանին, որ վերջինիս համար 2 տարի առաջ էր մեքենա գնվել։
Այսպիսով՝ համադրելով վերոհիշյալ գերթանկարժեք ծառայողական մեքենաների գնումները, Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում պադավատապետությունը ոչ միայն չի վերացվել, այլև նոր դրսևորումներ է ստացել։
Ներկայումս կառավարությունը նախապատվությունը տալիս է ժամանակակից և գերթանկարժեք մեքենաներին, որոնց գնման նպատակով հարկատուների վճարած գումարներից միլիոնավոր դոլարներ են ծախսվում։ Բացի այդ, եթե նախկինում ծառայողական մեքենաներից միայն պաշտոնյաներն էին օգտվում, այժմ դրանք սպասարկում են նաև նրանց ընտանիքի անդամներին, օրինակ՝ Աննա Հակոբյանին։
Վստահ ենք՝ եթե պադավատապետության այս դրսևորումները տեղի ունենային նախկինում, ապա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը խստորեն կքննադատեր այն, ինչպես նաև բազմաթիվ խնդիրներ կմատնանշեր, որոնց լուծման այդ գումարները կարող էին ուղղվել։
oragir.news