«Դու գրել ես, դու էլ կատարիր». ո՞վ է Փաշինյանի «սրտի» ՊԵԿ նախագահը և ինչո՞ւ հենց նա․ Mediahub
Ռուստամ Բադասյանի` ՊԵԿ նախագահի պաշտոնից անակնկալ կերպով ազատվելուց հետո ՊԵԿ-ում շունչները պահած սպասում էին, թե ով է լինելու հաջորդ ՊԵԿ նախագահը: Բադասյանից համակարգում դժգոհ չէին, ասում էին` բնավորությամբ մի քիչ չոր ու խիստ, ոչ այդքան մարդամոտ, բայց նաև ցիվիլ ու իր գործի գիտակ ղեկավար էր, և պրակտիկ էր` ինչ հանձնարարում էր, պետք է անպայման կատարվեր: Դրա համար զարմացած են մինչև հիմա, թե ինչու ազատվեց պաշտոնից: Այս մասին գրում է Mediahub.am–ը։
ՊԵԿ-ում նաև անհանգիստ էին այս ընթացքում, որ հանկարծ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը չգա ՊԵԿ, քանզի այս ընթացքում հենց նրա անունն էր շրջանառվում որպես ՊԵԿ նախագահի հավանական թեկնածու:
Հիմա ՊԵԿ-ում կարող են հանգիստ շունչ քաշել, քանզի հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ կնշանակվի ներկայում դեռ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Էդուարդ Հակոբյանը:
33-ամյա Հակոբյանը, որ մասնագիտությամբ մակրոտնտեսագետ է, դեռ նախկինների թվերից ֆիննախում աճած կադր է` նախարար Վարդան Արամյանի օրոք եղել է նախարարության մակրոտնտեսական վարչության պետի տեղակալը, հետո` վարչության պետ և հասել է ընդհուպ փոխնախարարի մակարդակի: Հետևաբար, ֆիննախի հետ օրգանական կապի մեջ գտնվող ՊԵԿ-ում նրան լավ են ճանաչում և դրական կարծիք ունեն իրենց ապագա ղեկավարի մասին: Ասացին` գրագետ ու կիրթ տղա է ու լավ մակրոտնտեսագետ: Կարելի է ասել` այս կառավարության բոլոր քիչ թե շատ պրոֆեսիոնալ կադրերը հիմնականում հենց նախկիններից եկածներն են, Էդուարդ Հակոբյանն էլ բացառություն չէ:
Բայց պրոֆեսիոնալ կադր լինելը բավարար չէ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատելու համար: Նշանակված պաշտոնյան պետք է նաև կիսի և շարունակի այն քաղաքականությունը, որը մշակել և հանրությանը հրամցրել է իրեն այդ պաշտոնում նշանակած մարդու քաղաքական թիմը:
Իր դեպքում խոսքը ավելի շատ բյուջետային քաղաքականության մասին է: Մասնավորապես, 2025 թվականի բյուջեի նախագիծը, որ ի պաշտոնե ներկայացնում էր նախարար Վահե Հովհաննիսյանը, ասացին` հենց Էդուարդ Հակոբյանն է, որպես մակրոտնտեսագետ, կազմել և կանխատեսել: Ոլորտի մասնագետների կարծիքով` շատ անիրատեսական կամ դժվար իրականացվող բյուջե է կազմվել, որը գուցե նաև քաղաքական հրահանգ է եղել: Իսկ ֆիննախի կանխատեսած բյուջեն դեռ պետք է իրականություն դարձնի ՊԵԿ-ը: Ու այստեղ է, որ, մեր տեղեկություններով, Ռուստամ Բադասյանը բախում է ունեցել կառավարության և ֆինանսների նախարարության հետ, քանի որ վերջին տարիներին, ասում են, ֆիննախը բյուջեն կազմելիս չի խորհրդակցել ՊԵԿ-ի` որպես իր մշակած քաղաքականությունն ու բյուջեի նախագծում դրված թվերը գործնականում իրականացնող մարմնի հետ:
Վարկած կա, որ Բադասյանի ազատման պատճառը հենց սա է եղել, որ ասել է` սա իրատեսական բյուջե չէ, և ՊԵԿ-ը չի կարող 2025 թ. բյուջեի նախագծի հիմքում դրված թվերը կյանքի կոչել:
Արդյունքում ազատման դիմում է գրել ու հեռացել: Հիմա մտադիր է մասնավոր ոլորտում իր գործունեությունը շարունակել:
Ու քանի որ բյուջեի նախագիծը կազմողը հենց ֆինանսների փոխնախարար Էդուարդ Հակոբյանն է եղել, Նիկոլ Փաշինյանը, ասում են, հենց այդ նպատակով էլ նրան առաջարկել է զբաղեցնել ՊԵԿ նախագահի պաշտոնը, որ գա իր գրած բյուջեն իրականացնի: Ասել է թե` «դու գրել ես, դու էլ կատարիր»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։