Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. լրատվամիջոցներ
Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարին, որին աջակցում է նաև ԱՄՆ-ն: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն այժմ աշխատում է այն հանրությանը ներկայացնելու վրա: Այս մասին գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ:
Նշվում է, որ Նեթանյահուն բարձր մակարդակով խորհրդակցություններ է անցկացրել այդ հարցով: Kan, Ynet և Haaretz լրատվամիջոցները, որոնք վկայակոչում են Երուսաղեմի, Վաշինգտոնի և Բեյրութի պաշտոնյաներին, գրել են, որ համաձայնությունը վերջնական չէ, և որ մի շարք հարցեր դեռ պետք է լուծվեն, սակայն Երուսաղեմը հաստատել է առաջարկի հիմնական դրույթները:
«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմն անցյալ շաբաթ ասել էր, որ շարժումը վերանայել է զինադադարի առաջարկը և պատասխան է ներկայացրել, և որ գնդակը Իսրայելի դաշտում է:
Haaretz-ը հաղորդում է, որ առաջարկը ներառում է երեք փուլ. զինադադար, որին կհաջորդի «Հեզբոլլահ»-ի կողմից Լիտանի գետից հյուսիս իր ուժերի դուրսբերումը, Իսրայելի զորքերի դուրսբերումը հարավային Լիբանանից, և սահմանային տարածքների սահմանազատման շուրջ իսրայելա-լիբանանյան բանակցություններ։
Ըստ առաջարկի՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային մարմնին հանձնարարվելու է վերահսկել հրադադարը: