Հեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է
Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ հեղուկ գազի գինը թանկացել է, իսկ բենզինի գինը, հակառակ, նվազել։
MediaHub-ն այսօր արձանագրեց՝ հեղուկ գազի գինը բարձրացել է՝ հասնելով 180 դրամի, իսկ բենզինի գինը նվազել է առնվազն 20 դրամով և վերջին օրերին վաճառվում է 480 դրամով, թեև գրեթե մի տարի այն շարունակում էր մնալ անփոփոխ՝ նվազագույնը 500 դրամ: Այդ ընթացքում հեղուկ գազի գինն ակտիվ վայրիվերումների է ենթարկվել՝ 200 դրամից նվազելով մինչև անգամ 90-100 դրամ և նորից թանկանալով: Իսկ բենզինը շարունակում էր մնալ «կայուն ծանր» դիրքերում:
Մենք ուսումնասիրեցինք, թե քաղաքացիները ինչպես են արձագանքում այս փոփոխություններին, և պարզեցինք, որ միևնույն է դժգոհ են՝
«Բարդակ ա, վերահսկող չկա, ով ինչ գին ուզում սահմանում է, ուզում են՝ բարձրացնում են, չեն ուզում՝ իջեցնում են, որովհետև վզներին տվող չկա, ասի՝ «ստոպ բեյբի, էս ի՞նչ եք անում»»։
«Բենզին ու հեղուկ գազ հարաբերությունը =1:3 ա, եթե հեղուկ գազը թանկացել ա 20֏, բենզինը պետք է էժանանա 60֏»։
«180 դրամ է դարձել հեղուկ գազը, Լարսը բաց ա, ՌԴ ում գազը նույնն ա, նախարարի գրպանն ա գնո՞ւմ, թե՞ գազալցակայանների տերերի»։
«Մեկ է մեր բենզինի գինը պետք է 350֏ լինի, Սոչիում, որը Ռուսաստանի ամենաթանկ քաղաքներից է, բենզինը արժի 84 ռուբլի և դա էլ կազմում է շատ բարձր կուրսով հաշված 378 ֏»։
«Բայց ե՞րբ բենզինը էժանացավ, որ տեղյակ չեղանք, 200 դրամով թանկացնում են 10 դրամով, իբր, էժանացնում են, բոլորն էլ խաբում են»։
«Որովհետև գերադասող մասին բենզինն ընդհանրապես չի հետաքրքրում, մեկա գազով են քշում»։
Նշենք, որ օգոստոսին ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում» 2024 թ. հունվար-հուլիս ժամանակահատվածին վերաբերող հրապարակման մեջ նշված է, որ Հայաստանում հեղուկ գազի գինը հուլիսին հունիսի համեմատ թանկացել է 54,3 տոկոսով:
Մարիաննա Արամյան